Միթ Ռոմնիին չարժե բարկացնել ռուսական արջին. Financial Times

15:03 • 10.08.12

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնին ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ունեն ընդհանուր մեկ բան` անցյալին վերադառնալու բուռն ցանկություն, գրում է Financial Times-ի հոդվածագիր Ֆիլիպ Սթիվենսը:

Ռոմնին Ռուսաստանին համարում է Ամերիկայի աշխարհաքաղաքական գլխավոր թշնամին: «Դա ռուս նախագահի համար հաճոյախոսություն է, որով նա ցանկանում է պահպանել այն դատարկ պատրանքը, թե Ռուսաստանը շարունակում է գերտերություն լինել»,- գրում է հոդվածագիրը:

Ըստ թերթի` պուտինյան ռեժիմն իսկապես անտանելի է, սակայն «ԱՄՆ-ի համար կարևոր են Չինաստանի, և ոչ Ռուսաստանի հետ հարաբերությունները»: Իսկ առավել կարևոր են երկրի  կուտակած պարտքն ու բյուջեի դեֆիցիտը, որոնք սպառնում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը:


Իսկ Պուտինը, ըստ հոդվածագրի, կշարունակի ապրել իր «նոստալգիաներով»: «Արևմուտքին թշնամի պատկերացնելը նրա (Պուտինի) այն պատրանքի անբաժանելի մասն է, թե Ռուսաստանը պահպանել է գերտերության կարգավիճակը: Սակայն տնտեսական միտումներն աշխատում են ի վնաս Պուտինի` կապիտալի արտահոսքը շարունակվում է, օտարերկրացի ներդրողները վախեցած են անօրինությունից և այլն, և այլն»,- գրում է նա` հավելելով, որ Արևմուտքի շահերից է բխում, որ Ռուսաստանը ծաղկի, զգա իրեն բավական վստահ ու գտնի իր դերը միջազգային հարթակում:

  

Նա խորհուրդ է տալիս Արևմուտքին Ռուսաստանի հետ հարաբերություններում «կոպտություն դրսևորել, երբ անհրաժեշտ է, և համագործակցել, որտեղ դա հնարավոր է»: