Ռուսաստանը սպառնում է Իրանին զրկել աջակցությունից` С-300 հրթիռների հայցի պատճառով

09:10 • 10.08.12

Ռուսաստանը կարող է առավել կոշտ դիրքորոշում դրսևորել  Իրանի միջուկային ծրագրի հարցում, եթե Թեհրանը Ժնևի միջազգային դատարանից հետ չվերցնի С-300 զենիթային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի չկատարման մասին հայցը: Ինչպես այսօր գրել է «Կոմերսանտ» թերթը, նման որոշում են ընդունել Ռուսաստանի Դաշնության իշխանությունները:


ՌԴ կառավարության աղբյուրը թերթին հայտնել է, որ հայցի հետ կապված այս «ոչ գեղեցիկ» իրավիճակը ցուցադրում է Իրանին որպես «անշնորհակալ» երկիր: «Մենք աջակցում ենք նրանց, միջուկային հարցի վերաբերյալ բանակցություններում զբաղեցնում կառուցողական դիրքորոշում, իսկ նրանք ահա թե ինչպես են մեզ պատասխանում»,- ասել է աղբյուրը:


Նա նաև նշել է, որ Մոսկվան ավելի վաղ հայտնել է Թեհրանին, որ ներկայացված հայցը «չի նպաստում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը», սակայն այդ խոսքերն «անտեսվել են»:
 

Աղբյուրի խոսքով` իրանական խնդրի միջնորդ «վեցնյակի» հաջորդ նիստում, որը կկայանա օգոստոսի վերջին, Ռուսաստանը «կփորձի ևս մեկ անգամ իր դիրքորոշումը տեղ հասցնել», սակայն եթե Իրանը կրկին բացասաբար պատասխանի, ապա «միջազգային հարթակում նա ստիպված կլինի միջուկային հարցի շուրջ համաձայնության գալ ինքնուրույն»:

Ընդհանուր 800 մլն դոլարի С-300 վաճառելու մասին պայմանագիրը երկրների միջև կնքվել էր 2007թ.-ին, սակայն դրա իրագործումը պարբերաբար ուշացվել է տեխնիկական պատճառներով: Պայմանագրի կատարումից հրաժարվելուց հետո, Ռուսաստանը Թեհրանին է վերադարձրել ստացած նախնական գումարը` 167 մլն դոլարը:

Իսկ հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ Իրանը պայմանագրի չկատարման վերաբերյալ Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Ժնևի միջազգային դատարան: