Շինարարի տոնի առիթով վարչապետը պարգևատրեց ոլորտում մեծ ավանդ ներդրած անձանց

14:52 • 10.08.12

Լուսանկարը՝ PanArmenian Photo-ի

Օգոստոսի 9-ին մեր երկրում նշվում է շինարարի մասնագիտական տոնը: Այդ առիթով այսօր Մոսկվայի տանը տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայ շինարարներին, որին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և մի շարք ճարտարապետներ:


Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով մասնակիցներին, նշեց, որ այս մասնագիտական տոնը հնարավորություն է տալիս գնահատել հայ շինարարին և արձանագրել այն առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում:


«Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես հատուկ հարգանքով է վերաբերվել շինարարին: Շինարարի մասնագիտությունը մշտապես մեր պատմության մեջ արժեքավորվել է: Դրա վառ վկայությունն են այն կոթողները, որոնք մենք ստացել ենք ժառանգություն և այն նոր ճարտարապետական շինությունները, լուծումները, որ կան և առաջարկում են մեր ճարտարապետները»,- ասաց նա:

 

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այս ոլորտում Հայաստանն ունի նշանակալի ձեռքբերումներ ու մեծ ներուժ: Նա բոլորին ցանկացավ ստեղծագործական այնպիսի աշխատանք, որի արդյունքները որպես ժառանգություն կմնան ապագա սերունդներին:

 

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն էլ հույս հայտնեց, որ շինարարների հետ միասին կկարողանան լուծել ոլորտում առկա բոլոր խնդրները և հանրապետության քաղաքաշինական միջավայրը կդարձնեն առավել հարմարավետ, որակյալ ու գեղեցիկ:

 

«Թեպետ այս տարվա շինարարության ոլորտի ցուցանիշները համեստ են, բայց պետք է նշել, որ աղետի գոտում ոչ մի ծրագիր չի կրճատվել: Մեկ ամսից Գյումրիում շահագործման կհանձնվի 1756 բնակարաններից բաղկացած 38 բազմաբնակարան շենքեր: Շուտով կմեկնարկի շինարարական նոր ծրագիր, որը հնարավորություն կտա լուծելու շուրջ 1000 անօթևանների բնակարանների ու անհատական բնակելի տների խնդիրը»,- ասաց նախարարը:

 

 

Տոնի առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանը ոլորտում երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության ու քաղաքաշինության ոլորտում ներդրած ավանդի համար մի շարք շինարարների ու ճարտարապետների պարգևատրեց ոսկե մեդալներով, հուշամեդալներով և շնորհակալագրերով: