ԱՄՆ-ն ՀՀՊ համակարգեր կտեղակայի Պարսից ծոցում. Պետդեպ
Միացյալ Նահանգների իշխանությունները Պարսից ծոցի դաշնակիցների հետ սերտ համագործակցություն են հաստատել հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ոլորտում: Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:
«ԱՄՆ-ն մտադիր է ձեռնարկել անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումները»,- ասել է նա` մեկնաբանելով նախօրեին New York Times-ի հրապարակած այն հոդվածը, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ն մի շարք արաբական երկրների հետ ակտիվացրել է ջանքերը տարածաշրջանում ՀՀՊ համակարգեր տեղակայելու ուղղությամբ:
Ամերիկացի պաշտոնյան մանրամասներ չի ներկայացրել, թե կոնկրետ Պարսից ծոցի որ շրջանում են տեղադրվելու դրանք, սակայն ընդգծել է, որ դա արվում է տարածաշրջանն իրանական հրթիռներից պաշտպանելու համար:
Տարածաշրջանում կտեղակայվեն վաղ հայտնաբերման ամերիկյան ռադարներ, որսացող հրթիռներ, ինչպես նաև միասնական հրամանատարային-տեղեկատվական կենտրոն:
Ինչպես ընդգծել էր ամերիկյան թերթը, Պենտագոնն արդեն Պարսից ծոցի երկրներին է մատակարարել մի քանի միլիարդ արժողության սպառազինություն:










