Հալեպի Բերիո հայոց թեմի առաջնորդարանի շենքի մոտ արկ է ընկել. պատմական շինությունը վնասվել է

00:27 • 11.08.12

Հալեպում վնասվել է հայկական պատմական շինություններից մեկը, հայտնում է հալեպահայերի Facebook-ի խումբը` հղում կատարելով տեղական հեռուստալուրերի թողարկմանը:


Ականանետից արձակված արկ է ընկել Հալեպի հին քաղաքի տարածքում` Ջդայդե թաղամասում` վնաս հասցնելով Բերիո Հայոց թեմի առանորդարանի շենքին: Արկի բեկորներից կոտրվել են շենքի ճակատային մասին ապակիները:

 

Հասցվել է միայն նյութական վնաս: Սպասավորներից ոչ ոք չի տուժել:

 

«Հալէպի լրատուական ցանցը»  ավելի ուշ հայտարարություն է տարածել, որով խնդրել է չանհանգստանալ: Հայտարարության մեջ մսնավորապես ասված է. «Կը տեղեկացնենք, թէ Բերիոյ թեմի ազգային առաջնորդարանը ռմբակոծումի ուղղակի թիրախ չէ դարձած, այլ մօտակայ թաղամասերուն մէջ տեղի ունեցած ռմբակոծութիւններուն հետեւանքով վրիպած ռումբի բեկորներ հասած են առաջնորդարանի շէնքը` պատճառ հանդիսանալով անոր պատուհաններու ապակիներուն փշրուելուն։ Արդ, կը խնդրենք մեր հայրենակիցներէն չմտահոգուիլ. ներկայիս Ազգային առաջնորդարանը ապահով վիճակի մէջ է»։