Բան Կի Մունը առաջարկել է շարունակել դիտորդական առաքելությունը Սիրիայում
ՄԱԿ-ի դիտորդների ներկայությունը Սիրիայում պետք է շարունակվի. ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը` Անվտանգության խորհրդի անդամբերին ուղղված նամակում:
«ՄԱԿ-ի ներկայությունը Սիրիայում հնարավորություն կտա տեղում գնահատել իրավիճակը և ավելի արդյունավետ ազդեցություն ունենալու հիմքեր կստեղծի»,- ասված է նամակում:
Նամակը հասցեագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին, ով էլ այն տարածել է ԱԽ մյուս անդամ պետությունների ներկայացուցիչներին:
Բան կի Մունի խոսքերով` Սիրիայում հումանիտար գործակալությունը կշարունակի գործել, եթե անգամ դիտորդների մանդատը ավարտվի:
ՄԱԿ-ի դիտորդական առաքելության հետագա ճակատագիրը կորոշվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի նիստում:
Որոշ երկրներ առաջարկում են հետ կանչել անզեն դիտորդներին, քանի որ նրանք չեն կարող կատարել իրենց առաքելությունը ռազմական պայմաններում: Սիրիայում առկա 300 դիտորդներից այժմ մնացել են ընդամենը 100-ը:
Միաժամանակ, գլխավոր քարտուղարը Անվտանգության խորհրդին առաջարկել է երկարաձգել ՄԱԿ-ի և Արաբական լիգայի պետությունների հատուկ բանագնացի մանդատը Սիրիայում, որն ավարտվելու է օգոստոսի 31-ին:










