Հայ մաթեմատիկոսն ասում է՝ ֆիզիկայի, աստղագիտության բանաձևերի մեջ սխալներ է գտել
Ֆիզիկայի, աստղագիտության և հավանականությունների տեսության բանաձևերի մեջ մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը, իր խոսքերով, բազմաթիվ սխալներ է գտել ու դրանք ապացուցում է փորձով և հաշվարկներով:
Այսօր նա Կառավարության շենքի առջև հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ուշադրության արժանացնել իր գյուտերը։
Մաթեմատիկոսը ընդգծեց, որ ինքը գտել է համաշխարհային գլոբալ տաքացման հետ կապված մի շարք խնդիրների լուծումներ:
«Աշխարհը կամաց-կամաց անապատի է վերածվում: Ես գտել եմ դրա դեմ պայքարելու ձևը, բայց ոչ մեկ ուշադրություն չի դարձնում: Գլոբալ տաքացումը ինչի՞ց է առաջանում, մարդկության արտադրած փոշին, ծուխը ջերմությունը, գոլորշին լցվում է մթնոլորտ, իսկ արեգակի էներգիան չնչին չափով չի թողնում անդրադառնա: Եթե մի օր այդ էներգիան սկսի չանդրադառնալ, մարդկությունը կխեղդվի»,- ասաց նա:
Հենրիկ Մխիթարյանը պնդեց, որ ինքը ապացուցել է, թե Օգտակար գործողության գործակիցը կարող է լինել 100-ից ավել և դրա ապացույցն է իր ստեղծած հավերժական շարժիչը, որը իրենց տանն է դրված ու աշխատում է:
Նա գտել է նաև մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա ստանալու տարբերակը:
«1 կմ-ի վրա կարելի է 100 հատ հիդրոէլէկտրակայան կառուցել, որը 25 ատոմայականի չափ էլեկտրաէներգիա կտա: Այսօր տարբեր գետերի վրա 170 փոքր ՀԷԿ-եր են սարքել ու 70 հատ էլ պետք է սարքեն, բայց իմ առաջարկածն ուրիշ բան է: Այն կարելի է 5-10 դրամով վաճառել»,- ասաց նա:
Մաթեմատիկոսը նշեց, որ ինքը այս հարցերով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, գիտական կազմակերպություններին, որտեղից նամակը հասցեագրվել է այլ ուղղությամբ:
«Ուղարկել են Գիտության և կրթության նախարարություն, այնտեղից՝ Գիտության պետական կոմիտե, որտեղից էլ Գիտութունների ազգային ակադեմիա, ավելի շուտ անգրագետների ակադեմիա»,– ասաց նա:
«Հիմա, ակադեմիայում ասում են առանց քեզ ենք քննարկելու, բայց իրանք մի սուտ բան կգրեն ու կուղարկեն: Հարյուրավոր սուտ բաներ են գրել ուղարկել»,-ավելացրեց մաթեմատիկոսը։
Հենրիկ Մխիթարյանը պատրաստվում է իր հացադուլը երկուշաբթի օրը տեղափոխել Գիտությունների ազգային ակադեմիայի առջև՝ պահանջելով իր գյուտերի շուրջ քննարկումը անցկացնել իր և ԶԼՄ-ի ներկայությամբ:










