Ներկայացվել է պատմության մեջ ամենահզոր Lamborghini Murcielago-ն (լուսանկարներ)
Covert Tuning Dynamics ստուդիան ներկայացրել է Lamborghini Murcielago-ի՝ իր կատարելագործմանը ենթարկված տարբերակը, որը հավակնում է ամենահզոր «Մուրսի» կոչմանը արժանանալ: Մեքենայի շարժիչի հզորությունը կրկնակի տուրբոներմղիչների շնորհիվ դարձել է 2 հազար ձիաուժ, հաղորդում է «Ավտո-վեստի» պարբերականը:
Նախկինում ևս տարբեր թյունինգային ընկերություններ կրկնակի տուրբոներմղիչներ են տեղադրել Lamborghini Aventador TT-ի վրա և ստացել 1200 ձիաուժ, սակայն Lamborghini LP2000-2 SV Twin Turbo-ն լիովին արժանի է` ոչ միայն ամենահզոր Murcielago, այլև, ավտոմակնիշի պատմության ամենահզոր մեքենայի կոչմանը:
Սուպերմեքենան քաշի նվազեցման ամբողջական գործողության է ենթարկվել, որը հնարավորություն է տվել նրա քաշը մոտ 500 կգ-ով կրճատել: Բացի այդ, Murcielago-ն նոր գունային լուծումներ, աերոդինամիկ փաթեթ, հատուկ նախագծված արտամղման համակարգ և անվահեծեր է ստացել: Սակայն ամենագլխավորը ուժային ագրեգատն է, որը իր դոնորից մոտ 3 անգամ առավել հզորություն է ապահովում:
Որոշ տվյալներով, միայն ուժային ագրեգատի պատրաստման վրա մոտ 3000 մարդ/ժամ է վատնվել, իսկ բոլոր կատարելագործումների նախագծման, դրանց կարգավորման և այլ հետազոտությունների համար մոտ 4 տարի է պահանջվել:
Պետք է նշել, որ թյուներների կողմից նախապատրաստված Murcielago-ն միայն հետնաքարշակ համակարգ ունի, ի տարբերություն ստանդարտ մեքենայի, որը լիաքարշակ համակարգով է արտադրվում: Նոր 2000 ձիաուժանոց հրեշի տեխնիկական տվյալները դեռ չեն հաղորդվում, ինչպես նաև դեռ պարզ չի նախագծի գինը:










