Բյուրականի աստղադիտարանում աշխատանքներն է ավարտում Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը
Բյուրականի աստղադիտարանում կազմակերպված Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի մեկշաբաթյա դասընթացները շուտով կավարտվեն, այն բյուրականյան ամառային դպրոցների շարքում 4-րդն էր, որի բացումը եղել է սեպտեմբերի 15-ին և կամփոփվի վաղը՝ 22-ին, այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«2006 թվականից սկսած Միջազգային ամառային դպրոցների շարքն իրականացնում ենք երկու տարին մեկ անգամ: Ոչ բոլոր աստղադիտարանները կարող են նման դպրոցներ ստեղծել, խնդիրը միջազգային լավ մասնագետներ հրավիրելն է, մենք մեր ուժերով կարողացել ենք գտնել և հրավիրել, որը գրավում է երիտասարդ աստղագետներին»,- ասաց նա և հավելեց՝ ամառային դպրոցի նպատակն է՝ կազմակերպել երիտասարդ մասնագետների ուսուցում:
Հայտնի աստղագետներն, ըստ Արեգ Միքայելյանի, տարբեր երկրներից են ժամանել՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իրանից և, իհարկե, Հայաստանից։
«Տասնմեկ արտասահամանցի դասախոսներ են եկել, որոնցից երկուսը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի դափնեկիրներ են: Հայաստանից մասնակցել են երեք դասախոսներ»,- ասաց նա և նշեց, որ մասնակիցների թվում են եղել շուրջ 35 երիտասարդ աստղագետներ և ուսանողներ՝ Հայաստանի ու այլ երկրներից:
«Մեր մյուս նպատակն այն է, որ տեղի ուսանողներին, որոնք հնարավորություն չունեն մասնակցելու միջազգային նման դասընթացների՝ այս ձևով մասնակցեն ու շփվեն իրենց հասակակից երիտասարդ աստղագետների հետ»,- ասաց նա:
Մոսկվայից ժամանած երիտասարդ աստղագետ Անաստասիա Տիտարենկոն, ով նույնպես հրավիրված ասուլիս հյուրն էր՝ նշեց, որ երկրորդ անգամ է, որ գտնվում է Հայաստանում. «Գիտությամբ հետաքրքրվելով չպետք է մենք սահմանափակվենք միայն սեփական երկրներում: Նման դպրոցները լավ հնարավորություն են տալիս երիտասարդներին նոր բան սովորել, շփվել հասակակից աստղագետների հետ, փորձ ձեռք բերել: Բացի այդ, մենք հետագայում ևս միմյանց հետ շփվելու հնարավորություն ենք ստանում»,- ասաց նա:
Անաստասիա Տիտարենկոն ներկայացրեց իր գիտական աշխատությունը, որը որպես զեկույց է ներկայացրել: Այն վերաբերում է աստղերի տեղաշարժին, նաև, թե ֆիզիկական ինչ երևույթներ են նրանց վրա ազդում:
Ի դեպ, Արեգ Գիրգորյանը տեղեկացրեց, որ աստղագիտության բնագավառում միջոցառումների շարքը սրանով չի սահմանափավի և սեպտեմբերի 25-ից էլ կմեկնարկի 7-րդ դարի նշանավոր գիտնական Անանիա Շիրակացու անվան եռօրյա գիտաժողովը:
«Թեմաների առումով այն ավելի մատչելի է և կվերաբերվի աստղագիտությունից մինչև մշակույթի հետ առչվող հարցերի, դասախոսությունների մի մասը նվիրված կլինի հենց Անանիա Շիրակացուն»,- տեղեկացրեց Արեգ Միքայելյանն ու նշեց, որ ցանկացած ոք կարող է գալ և մասնակցել գիտաժողովին, նույնիսկ լրագրողները, ովքեր կներկայացնեն, թե լրագրության մեջ աստղագիտությունից ի՞նչն է հետաքրքրում:










