Ռուս գիտնականն արժանացել է Հականոբելյան մրցանակի՝ պայթուցիկներն ադամանդների վերածելու համար
Ռուս ինժեներ Իգոր Պետրովն արժանացել է Հականոբելյան մրցանակի՝ պայթուցիկ նյութերը մանր ադամանդների վերածելու մեթոդ ստեղծելու համար, հայտնումէ vz.ru-ն։
Ոչ ստանդարտ գաղափարներին ու անհեթեթ գիտական ձեռքբերումներին նվիրված մրցանակաբաշխությունն անցկացվել է Հարվարդի համալսարանում (ԱՄՆ)։
«Տիկնա՛յք, եթե ձեզ ադամանդներ են հարկավոր, կհանդիպենք արարողությունից հետո։ Բայց չմոռանաք վերցնել պայթուցիկներ»,- կատակել է Պետրովը, ով աշխատում է Չելյաբինսկի SKN ընկերությունում։
Ընկերության կայքէջում ասվում է, որ նանոադամանդները սինթետիկ փոշիացված նյութեր են, որոնք ստացվում են հատուկ պայմաններում պայթուցիկ նյութերի պայթեցման շնորհիվ։
Հականոբելյան մրցանակը, որը Ռուսաստանում անվանում են Շնոբելի, հանձնվում է 1991թ.-ից, ի դեպ, հաղթողները մրցանակները ստանում են նոբելյան մրցանակակիրներից։ Մրցանակը տրվում է այն հայտնագործությունների համար, որոնք «սկզբում ծիծաղ են առաջացնում, այնուհետ մտածելու տեղիք տալիս»։
«Հականոբելը» հանձնվում է 10 անվանակարգերում։ Այս տարի, Պետրովից բացի, մրցանակ են ստացել նաև ճապոնացի գիտնականները՝ «բերան փակելու» հեռակա ղեկավարվող սարք ստեղծելու համար։
Հոլանդացի հոգեբանները մրցանակի են արժանացել մի ուսումնասիրության համար, թե ինչու է Էյֆելյան աշտարակը փոքր, եթե դրան նայել՝ թեքվելով ձախ կողմի վրա։ Հականոբելի են արժանացել նաև ամերիկացի հետազոտողները, որոնք ցուցադրել են, թե ինչպես կարելի է բարդ սարքավորման օգնությամբ ֆիքսել սատկած ձկների ուղեղի գործունեությունը և այլն։










