Գիտնականները պարզել են, թե ինչումն է շոկոլադի գրավչությունը
Միացյալ Նահանգների գիտնականները պարզել են, որ ուղեղի որոշակի հատված ստիպում է մարդկանց անսահմանափակ քանակությամբ քաղցրավենիք ուտել, մասնավորապես՝ շոկոլադ, կամ նախապատվությունը տալ «ոչ օգտակար սննդին», հայտնում է РИА Новости-ն: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում:
Փորձեր անցկացնելով մկների վրա՝ գիտնականները հայտնաբերել են, որ նախկինում շարժման գործառույթների հետ կապվող ուղեղի մասն արձագանքում է «սննդային խթանիչներին»՝ մասնակցելով քիմիական ռեակցիաների, որոնք նման են ափիոնի նկատմամբ օրգանիզմի ռեակցիային:
Հետազոտողների թիմը բացահայտումն արել է՝ մկներին տալով պատրաստուկ, որը հասնում է անմիջապես նեոստրիատում կոչվող ուղեղի հատվածին: Արդյունքում այդ կենդանիները երկու անգամ շատ շոկոլադ են կերել, քան սովորաբար:
Գիտնականների կարծիքով՝ դա չի նշանակում, որ էնկեֆալինները կամ նման նյութերը ստիպում են մկներին ավելի շատ սիրել շոկոլադ, այլ նրանց բացահայտումը հետևյալն է՝ գլխուղեղում քիմիական նյութերը մեծացնում են մկների քաղցրավենիք ուտելու ցանկությունն ու ձգտումը:










