Apple iPhone 5-ը հեշտ է քերծվում, սակայն ամուր է և ամենաարագագործը շուկայում

18:38 • 22.09.12

Apple ընկերության նոր iPhone 5-ը, որի վաճառքը մեկնարկել է նախօրեին, հեշտությամբ է քերծվում, ինչը հատկապես նկատելի է սև գույնի մոդելների վրա, սակայն լավ է դիմանում հարվածներին և ոչ մեծ բարձրությունից ընկնելուն։ Սակայն նորույթի ամենամեծ ձեռքբերումն իր արագագործությունն է, որով iPhone 5-ը գերազանցել է իր բոլոր մրցակիցներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

 

Նախորդ սերնդի iPhone-ներն ապակուց հետին վահանակ (պանել) ունեին, իսկ նոր iPhone-ի իրանն ամբողջությամբ ալյումինից է: Ինչպես նշում են նոր սմարթֆոնի օգտատերերը, այն հեշտությամբ քերծվում է դիպչելով մետաղական իրերին` մետաղադրամին, բանալիներին և այլն:


iPhone 5-ի որոշ գնորդներ բողոքում են, որ տուփը բացելուց անմիջապես հետո սմարթֆոնի արտաքին ծածկույթի վրա որոշ վնասվածքներ են նկատել:


Սակայն քրաշ-թեսթերը, որոնք իրականացրել են iFixYouri և Android Authority կայքերը, ցույց են տվել, որ iPhone 5-ը դիմանում է մարդկային հասակի բարձրությունից ընկնելուն՝ առանց լուրջ խաթարման և ամբողջությամբ պահպանելով աշխատունակությունը: Համեմատության համար նշենք, որ նույն թեսթին մասնակցող Samsung Galaxy S III-ը նույն բարձրությունից ընկնելուց բազմաթիվ վնասվածքներ է ստանում և էկրանը ճաքերով է պատվում:


Նոր Apple iPhone 5-ը, արևմտյան պարբերականների ուսումնասիրությամբ, դարձել է ամենաարագագործ սարքն իր նմանների շարքում:

Մասնավորապես, AnandTech կայքի թեսթով՝ նոր iPhone-ն ավելի բարձր արագագործություն է ապահովում, քան Android-ով աշխատող իր մրցակիցները, որոնք թողարկվել են վերջին շրջանում: iPhone 5-ի առավելությունն ակնհայտ է առաջադրված բոլոր խնդիրների պարագայում, ներառյալ վեբ հավելվածների հետ աշխատանքը և գրաֆիկական խնդիրները:


Համանման արդյունքներ է ստացել PC Magazine ամսագրի փորձարկումը, որի ժամանակ համեմատվել են iPhone 5-ը, Samsung Galaxy S III-ն և Motorola Droid Razr M-ը:


iPhone 4S-ի համեմատությամբ iPhone 5-ի արագության աճը կազմել է ավելի քան 100%, ինչը համապատասխանում է Apple-ի ներկայացուցիչների խոստումներին:

 

Apple iPhone 5-ը հեշտ է քերծվում, սակայն ամուր է և ամենաարագագործը շուկայում