Թայվանը նոր հրթիռներով է զինվում Չինաստանի հետ հնարավոր պատերազմին ընդառաջ

21:24 • 22.09.12

Թայվանի պաշտպանության նախարարությունը մտադիր է 2014թ. սպառազինության տակ վերցնել նոր Wan Chien հրթիռները («Տասը հազար թրեր»), որոնք 100-ական մարտագլխիկ են կրում, հաղորդում է Jane's պարբերականը:


Նոր զինատեսակը ընդունելու հետ մեկտեղ, Թայվանը դրա զանգվածային արտադրության բազա է ստեղծում:


Wan Chien-ը, որը ստեղծվել է Չժունշանի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտում, կարող է մինչև 250 կմ հեռավորության վրա հարյուրավոր թիրախներ խոցել: Զինամթերքի քաշը 900կգ է, երկարությունը` 4,8 մ, իսկ տրամագիծը` 80 սմ:


Մարտական հատվածի քաշը 300-350 կգ է: Հրթիռը GPS համակարգով ուղղորդման հնարավորություն ունի:
Wan Chien-ը փաստացի սավառնող կարգավորվող ավիացիոն կասետային ռումբ է, որը նաև սեփական շարժիչով է համալրված:


Այս զինատեսակի ուժային ագրեգատի հիմնական դերը դրա գործողության շառավղի մեծացումն է: Օրինակ` համանման ամերիկյան JSOW ռումբի վրա շարժիչի տեղադրմամբ հնարավոր եղավ դրա գործողության շառավիղը 130 կմ-ից հասցնել 550 կմ-ի` մեծ բարձրությունից արձակելու պարագայում:


Թայվանի ՊՆ-ի տվյալներով, Wan Chien-ը կօգտագործվի չինական ռազմական բազաների և օդանավակայանների ոչնչացման նպատակով այդ երկրի հետ ռազմական հակամարտության դեպքում:


 

Թայվանը նոր հրթիռներով է զինվում Չինաստանի հետ հնարավոր պատերազմին ընդառաջ