Բյուրականում ավարտվել են երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի աշխատանքները
Սեպտեմբերի 22-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի է ունեցել երիտասարդ աստղագետների 4-րդ միջազգային ամառային դպրոցի պաշտոնական փակման արարողությունը: Ինչպես տեղեկանում ենք Հայկական աստղագիտական ընկերության տարածած հաղորդագրությունից, դպրոցն անցկացվում էր Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Վերջին օրերին դասախոսություններից և գործնական պարապմունքներից բացի, ներկայացվել են նաև երիտասարդ մասնակիցների զեկուցումները:
Ուսանողները և երիտասարդ աստղագետները պատմել են իրենց թեզերի և գիտահետազոտական աշխատանքների մասին: Մասնակիցների համար կազմակերպվել են դիտումներ ԲԱ փոքր աստղադիտակներով: Նախորդ օրը` սեպտեմբերի 21-ին, տեղի է ունեցել դպրոցի ավանդական ճաշկերույթը: Փակման արարողության ժամանակ ամփոփվել են դպրոցի արդյունքները, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, դպրոցի ընթացքում կատարված լուսանկարների ցուցադրություն և մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր: Օրվա երկրորդ կեսին կազմակերպվել է էքսկուրսիա դեպի Երևան: Այսօր և վաղն արդեն երիտասարդ աստղագետները մեծ տպավորություններով մեկնում են Հայաստանից:










