Իրանցի ուսանողուհիներին արգելել են ուսումնասիրել 80 առարկա

13:51 • 23.09.12

Նոր ուսումնական տարին, որը մեկնարկել է Իրանում սեպտեմբերի 23-ին, կանցնի որոշակի փոփոխված կանոններով: Այժմ ուսանողուհիներին համալսարանական ծրագրից արգելվում է ուսումնասիրել մոտ 80 առարկա: Սահմանափակվել են իգական սեռի ուսանողների հնարավորությունները ուսումնասիրելու ատոմային ֆիզիկա, կիբերնետիկա, քիմիական մեքենաշինություն, անգլիական գրականություն:

Ընդհանուր առմամբ, արգելվել է 77 առարկա երկրի ավելի քան 30 բուհերում:
Մի շարք համալսարաններում մի քանի առարկաներ արգելվել են նաև արական սեռի ուսանողների համար:

Այժմ նրանք, մասնավորապես, պետք է հրաժարվեն սոցիոլոգիայից, լեզվաբանությունից, փիլիսոփայությունից և պատմությունից: Իրավապաշտպանները դատապարտել են իրանական կրթության «իսլամացման» շարունակումը, որը սկսվել է 2005թ.-ից, Մահմուդ Ահմադինեժադի իշխանության անցնելուց հետո: Իրենց կարծիքով, իշխանությունը ջանում է սահմանափակել կանանց համար կրթությունը՝ այդպիսով թուլացնելով ազգային ֆեմինիստական շարժումը:
Նշենք նաև, որ ներկա պահին Իրանի համալսարաններում կանայք կազմում են ուսանողների 60%-ը:

Այս ամենից դատելով՝ իշխանությունը նոր սահմանափակումներ է նախատեսում Իրանի կրթական համակարգում: Անցյալ շաբաթ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Քամրան Դանեշջուն հավանություն է տվել դպրոցներում և համալսարաններում առանձին կրթության ներդրմանը: «Դա նախատեսված է մեր կրոնով», - ասում է նախարարը: