Հինգ տարվա ընթացքում առանց վարորդի ավտոմեքենաները հասանելի կլինեն բոլորին. Google
Google ընկերության հիմնադիր Սերգեյ Բրինն ավտոմոբիլային շուկայի ապագայի վերաբերյալ կանխատեսումներ է արել, հայտնում է infox.ru-ն: Բրինի կարծիքով՝ առաջիկա 5 տարիներին կսկսվի առանց վարորդի մեքենաների զանգվածային արտադրություն, և դրանք կդառնան հասանելի:
Նա նշել է, որ այն կարող են ձեռք բերել տարբեր եկամուտներ ունեցող մարդիկ: Բրինը վստահ է նաև, որ առանց վարորդի փոխադրամիջոցները կլինեն առավել ապահով իրենց դասական նմանակներից՝ շնորհիվ մարդկային գործոնի բացակայության:
Մոտ ժամանակում առանց վարորդի մեքենաների անցնելու փաստն է հաստատում նաև դրանց օրինականացումն ամերիկյան Կալիֆորնիա նահանգում. համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են վերջերս:
IT News պորտալը գրում է, որ Google-ը չի պատրաստվում կանգ առնել, և առջևում է ևս մի քանի ռազմավարական կարևոր նահանգների և նույնիսկ երկրների «գրավումը»:










