Google-ն առաջարկում է վիրտուալ ստորջրյա ճամփորդություն աշխարհի ծովախութերով
Ամերիկյան Google ընկերությունը Google Maps քարտեզային ծրագրի օգտատերերին առաջարկում է վիրտուալ ստորջրյա ճամփորդություններ աշխարհի հազվագյուտ ծովախութերով, գրում է The Guardian-ը:
Այս հետաքրքիր ծրագիրը հնարավորություն կտա համակարգչի առաջ նստած մանրակրկիտ ուսումնասիրել ծովախութերի կենդանական ու բուսական աշխարհը:
Ծառայության արխիվը Catlin Seaview Survey գիտարշավի մասնակիցների շնորհիվ համալրվել է ծովախութերի եզակի լուսանկարներով։ Գիտարշավի մասնակիցները լիահույս են, որ ստորջրյա աշխարհի հրաշալիքները տեսնելուց հետո մարդկանց մոտ դրանք պաշտպանելու ցանկություն կառաջանա:
«Այս տասնամյակն ուղղակի կրիտիկական է եղել ծովախութերի գոյության համար: Ներկայում դրանց վիճակը տագնապալի է, և մարդիկ պետք է անեն հնարավորը ծովախութերը պաշտպանելու համար»,-նշել է գիտարշավի ղեկավար Ռիչարդ Վեվերսը:
Google Maps and Earth-ի փոխնախագահ Բրայան ՄըքՔլենդոնը, իր հերթին, ասել է.«Այժմ Google Maps-ի օգնությամբ ցանկացած մարդ կարող է դառնալ հաջորդ Ժակ Իվ Կուստոն և լողալ նաև Մեծ Արգելախութի ծովային կրիաների, ձկների և ստորջրյա աշխարհի մյուս զարմանահրաշ բնակիչների հետ»:










