Կիևում 12.000 մարդ է մասնակցել առավոտյան մարմնամարզությանը

22:31 • 30.09.12

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Օբոլոնսկի առափնյա փողոցում հավաքվել է մոտ 12 հազար մարդ, որպեսզի կարողանան զանգվածային առավոտյան մարմնամարզության համաշխարհային ռեկորդ սահմանել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով ուկրաինական «5 ալիք» հեռուստաալիքին:


Տասը րոպեի ընթացքում մարդիկ ֆիզիկական վարժություններ են կատարել: Շարժումները բեմերից ցույց են տվել հայտնի մարզիկներ, դերասաններ և հեռուստաաստղեր:


Վարժությունները հնարավորինս պարզ են ընտրվել, որպեսզի դրանք կարողանան կրկնել տարբեր տարիքի և ֆիզիկական պատրաստության մարդիկ։


Ռեկորդի հաստատման պաշտոնական գործընթացը 10 օր կտևի: Եթե արդյունքը բավարար լինի և ռեկորդը պաշտոնապես գրանցվի, ապա զանգվածային մարզանքի յուրաքանչյուր մասնակից կազմակերպիչների կողմից աշխարհի ռեկորդակրի անվանական վկայական կստանա: