Նյու Յորքում նշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանը

11:07 • 01.10.12

Նյու Յորքի Գոթհամ-հոլ հեղինակավոր սրահում սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա են եղել հիմնադրամի աշխատանքներին երկու տասնամյակների ընթացքում իրենց աջակցությունը բերած՝ ԱՄՆ արևելյան ափում բնակվող շուրջ երեք հարյուր ամերիկահայեր: 


Ըստ ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության՝ հանդիսավոր երեկոյին, որը վարել է ամերիկահայ հանրահայտ իրավաբան Մարկ Կիրակոսը, ներկա են եղել և ողջույնի խոսքերով հանդես են եկել «Հայաստան» հիմնադրամի Միացյալ Նահանգների մասնաճյուղի ղեկավար Խորեն Բանդազյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, Հայ Աառաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան ափի թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը:


Միջոցառման հիմնական բանախոսն է եղել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր ելույթում բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը։