Արցախ է ժամանել «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությունը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը՝ համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունից :
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի և Արցախի կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Բակո Սահակյանը Շվեյցարիան համարել է բարեկամ երկիր՝ բարձր գնահատելով նրա հավասարակշռված դիրքորոշումն ու մոտեցումները ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ բազմակողմանի համագործակցության մեջ՝ այս գործընթացում առանձնակի կարևորելով խորհրդարանների միջև կայուն կապերի և գործնական հարաբերությունների հաստատումը :
Անդրադարձ է կատարվել նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի : Երկուստեք կարևորվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ԼՂՀ լիիրավ մասնակցությամբ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:










