Բողոքի ցույց ԱԺ–ի մոտ. Պահանջում են արդարություն Օսկանյանի գործով (թարմացվում է)

11:42 • 01.10.12

11.52

Քիչ առաջ ցուցարարները «ա–մոթ» վանկարկումներով ԱԺ ճանապարհեցին ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին:


11։48

Այստեղ գտնվող «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմնադրամը շարունակելու է անել այն, ինչ անում էր։


«Այսինքն` պետք է շարունակենք աշխատել իբրև «Աիվիլիթաս», պարոն Օսկանյանն էլ պետք է շարունակի աշխատել իբրև ակտիվ, սրտացավ պատգամավոր, և պիտի նայենք, թե մեր դատական համակարգը իրոք մեկ հոգու խոսքին է լսում», թե ժողովրդի»,- ասաց Սալբի Ղազարյանը:


Ի պատասխան հարցի, թե ով է այդ մեկ հոգին, Սալբի Ղազարյանն ասաց. «Այն, ով որոշումները կայացնում է, ես դեռ չեմ հասկացել, թե ով է այդ մեկ հոգին»:

 
Ի պատասխան հարցի, թե «Սիվիլնեթի» գլխավոր խմբագիրը այսօր տված հարցազրույցից, որ Վ. Օսկանյանի դեմ գործ հարուցվեց, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ կոալիցիային չի միանում,կարելի՞ է հասկանալ, որ ՀՀԿ-ն է այդ քրեական հետապնդման հեղինակը, Սալբի Ղազարյանն առաջարկեց հարցն ուղղել հանրապետականներին։


«Մայիսի 24 այն օրն է, երբ ԲՀԿ-ն հայտարարեց կոալիցիային չմիանալու մասին, իսկ մայիսի 25 այն օրն է, երբ հարուցվեց գործը»,– ասաց նա։

 


11.40

Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ այս պահին մոտ 300 երիտասարդ ակտիվիստ բողոքի է դուրս եկել ի պաշտպանություն ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի գործի։

 

Ակցիայի մասնակիցներից ոչ բոլորն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ։

 

Ցուցարարները ծափերով ճանապարհ են տալիս ԲՀԿ-ական պատգամավորներին. այդպես նրանք դեպի ԱԺ ճանապարհեցին մեծամասնական ընտրակարգով ընտված Գրիգորի Մարգարյանին:

 

Բողոքի ակցիայի վայրում են մեծ թվով ոստիկաններ: Բողոքի ակցիայի կազմակերպչն է «Սիվիլիթաս» հիմնադրամը, որ ստեղծման չորս ամյակը լրանում է այսօր:

 

Ակտիվիստների ձեռքին կան պաստառներ, «Մի՛ թող որ ձայնդ կտրեն, ժողովո՛ւրդ», «Իմ պատգամավորը չի ոտնահարի ազատ խոսքի իրավունքը»։ Ակտիվիստները վանկարկում են «Ար–դա–րու–թյուն»։

 

Այստեղ է նաև ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին` «Ամոթ հանցագործների գործընկերներին» գրությամբ պաստառով: Նրա ձեռքին կան նաև պաստառներ Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի, Վարդան Այվազյանի նկարներով, որոնց վերևում գրառված է` «Կասկածվում է սպանության մեջ», «Կասկածվում է խուլիգանության մեջ», «Կասկածվում է կոռուպցիայի մեջ»։

 

Սակայն բայց Վարդգես Գասպարիին հետաքրքրում է նաև Վարդան Օսկանյանը, քանի որ ասաց, որ իր` որպես իրավապաշտպանի համար ակնհայտ է, որ նրա դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:

 

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը քվեարկելու է Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության հարցով, որպեսզի փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործով Օսկանյանը ներգրավվի որպես մեղադրյալ։


«Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ փողերի լվացման հատկանիշներով Ազգային անվտանգության քննչական վարչությունում քրեական գործը հարուցել էր մայիսի 25-ին։

 

Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 18-ին մերժել էր «Սիվիլիթաս» հիմնադրամի հայցը, որով այն պահանջում էր անվավեր ճանաչել Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործ հարուցելու մասին որոշումը։

 

Հիմնադրամն արդեն դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով դադարեցնել ԱԱԾ–ի պահանջով հարուցված քրգործը։ Սակայն այս բողոքը նույնպես մերժվել է, և հիմնադրամը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան։