Ատոմ Էգոյանը և Սերժ Թանկյանը հանդես են եկել ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի
Աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը և հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանն իրենց մտահոգությունն են հայտնել Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործի առնչությամբ և այն քաղաքական հետապնդում համարել, տեղեկացնում է Civilnet-ը։
«Ես ճանաչում եմ Վարդան Օսկանյանին երկար տարիներ և համոզված եմ, որ նա փայլուն պետական գործիչ է, Հայաստանի բարգավաճման ու բարօրության նվիրյալ: Նա իրավամբ միջազգային հեղինակություն ունի՝ ունակ ստեղծելու կարևոր կապեր և բերելու ժողովրդավարական բարեփոխման թանկ գաղափարներ, ազատ մեդիա մի երկիր, որը դեռ չի թոթափել խորհրդային ժամանակաշրջանի ավելի քան յոթանասուն տարիների վերահսկողությունը»,-գրել է Եգոյանը:
Վերջինս, ով նաև «Սիվիլիթաս» հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամն է, նշել է, որ ինքն առանց վարանելու է ընդունել Օսկանյանի՝ «Սիվիլիթաս»-ի ստեղծմանը ներգրավվելու առաջարկը։
«Սա է պատճառը, որ ես այսքան ցնցված եմ և վրդովված ներկայիս մեղադրանքներից, որոնք առաջադրվել են պարոն Օսկանյանի դեմ: Վարդան Օսկանյանին հալածելը պախարակելի և քաղաքական դրդապատճառներ ունեցող արարք է, որը չափազանց վտանգավոր է երկրի առողջության համար»,- գրել է նա:
Նա ՀՀ գլխավոր դատախազին հորդորել է լրջորեն հաշվի առնել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և շինծու մեղադրանքներով դատապարտելու հետևանքները:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր հերթին բարձր է գնահատել Օսկանյանի և «Սիվիլիթաս»-ի գործունեությունը։ «Այն չափազանց կարևոր է զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրի համար, որը պետք է վերջ դնի մամուլի, տնտեսության և պետական կառույցների նկատմամբ մենաշնորհին: Չափազանց կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ արտահայտել իրենց նախապատվություններն ու բողոքները՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դիտարկմամբ»,-ասել է Թանկյանը:
Նրա խոսքերով՝ հարյուրամյակներ շարունակ մենք եղել ենք այս կամ այն օտար երկրի լծի տակ: Եվ չնայած որպես պետություն մենք ունենք հավատարիմներ ու դաշնակիցներ և որպես ազգ՝ աջակցության կարիք, սակայն մեր ժողովրդավարությունն ու տնտեսությունը չպետք է զոհաբերվեն Արևմուտքից (գլխավորապես՝ ԱՄՆ-ից) կամ Ռուսաստանից եկող ազդեցություններին:
«Մենք պետք է միահամուռ հաղթահարենք խորհրդային շրջանից ժառանգած տնտեսությունն ու քաղաքականությունը վերահսկելու անհեռատես այս քաղաքականությունը և մեր քաղաքացիներին ընձեռենք դարերի ընթացքում վաստակած կամաարտահայտության ազատությունը»,-գրել է Թանկյանը:










