ԵՀՄՖ նախագահը քրգործ է հարուցել Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհու և դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ

11:32 • 01.10.12

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը քրեական գործ է հարուցել ինչպես Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհու, այնպես էլ Ադրբեջանում, Ռուսաստանում և Հայաստանում (նստավայրը Մոսկվա) Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ: Այս մասին հայտնում են ԵՀՄՖ մամլո քարտուղարությունից:


Սլովակիայի հայտնի տեղեկատվական կազմակերպությունը՝ «SITA»-ը, պարոն Աշոտ Գրիգորյանի ասածի իսկությունը պարզելու համար դիմել էր Գլխավոր դատախազություն, Մոսկվա` Սլովակիայի դեսպանատուն, Սլովակիայի ԱԳ նախարարություն և Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահությանը:

 

 

Ստորև ներկայացնում ենք «SITA»-ի հաղորդագրությունը՝ կրճատումներով.



«Սլովակիայի հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են դատախազություն` Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանում և Ադրբեջանում Սլովակիայի դեսպան, Սլովակիայի պառլամենտի նախկին խոսնակ Յոզեֆ Միգաշի նկատմամբ քրեական գործ հարուցելու հայտարարությամբ: Այդպիսի քայլի համար պատճառ հանդիսացավ ադրբեջանական ԶԼՄ-ներին ուղղարկված դեսպանատան հայտարարությունը, որում ասված էր, որ Սլովակիայում չկա օրենք, որը քրեական պատասխանատվություն կսահմաներ հայերի ցեղասպանությունը մերժելու համար:


«ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան պրն. Օլեգ Եսայանի հետ 2012թ. մայիսի 3-ին տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ընթացքում Մոսկվայում Սլովակիայի դեսպան պրն. Յոզեֆ Միգաշը հաստատեց այդ տեղեկատվությունը»,- այս մասին գրված է Սլովակիայի գլխավոր դատախազությանն ուղղված հայտարարության մեջ: Մեջբերում կատարելով դատախազության հայտարարությունից՝ ԵՀՄՖ նախագահ և Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը միաժամանակ հայտարարել է, որ Քրեական օրենսգրքի 424 ա պարագրաֆի համաձայն Սլովակիայում հայերի ցեղասպանության մերժումը քրեորեն պատժելի է:

 

 

Այս տեսակետը հաստատում է Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, նախկին փոխվարչապետ և արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը (Štefan Harabín), ով, ինչպես պնդում են հայկական և ռուսական ԶԼՄ-ները, դեռ նախորդ տարի հայտարարել էր այդ մասին: Դեսպանատունն այս տեղեկատվությունը հերքել է:

 

 

«2012թ. հուլիսի 18-ին քրեական գործ հարուցելու դիմումը փոխանցվել է Բրատիսլավայի տարածքային դատախազությանը»,-հայտնել է Գլխավոր դատախազության մամլո քարտուղար տկն. Վլադիմիրա Հեդրովան:


Մոսկվայում Սլովակիայի դեսպանատունը Աշոտ Գրիգորյանի ձեռնարկած գործողությունները հրաժարվել է մեկնաբանել. «Դեսպանատունն իր հայտարարություններում ելնում է պետական մարմինների պաշտոնական դիրքորոշումից, ինչն էլ տեղի է ունեցել այս դեպքում»,- հայտնում է Ռուսաստանում դեսպանատան աշխատակից Մարտին Կաչոն, նկատելով, որ այդ գործունեության ոլորտ մտնում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը:

 

 

Դեսպանատան աշխատակից Մարտին Կաչոն իր խոսքը եզրափակել է հետևյալ մտքով. «Այս երկրների հարաբերությունների վրա իր կնիքն է դրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկար տարիների կոնֆլիկտը»:


Ինչպես տեղեկացնում են ԵՀՄՖ մամլո ծառայությունից, այս վեճը սկիզբ է առել դեռ նախորդ տարվա նոյեմբերից, երբ հայկական ԶԼՄ-ները հրապարակել էին հայտարարություն այն մասին, որ Սլովակիայում գործում է հայերի ցեղասպանության մերժման համար քրեական պտասխանատվություն սահմանող օրենք:


Ընդ որում, հայերը հղում էին կատարել Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հայտարարությանը, ով ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցի ընթացքում հաստատել էր այդպիսի իրավական նորմի առկայությունը Սլովակական օրենքներում:


Այս հրապարակումներին ի պատասխան Ադրբեջանում հրապարակվել էր ՌԴ-ում Սլովակիայի դեսպանության հերքումը, որում մերժվում էր այդ օրենքի առկայությունը:


Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը հիմնավորում է պնդումն այն մասին, որ հայերի ցեղասպանության մերժումը ենթակա է քրեական պատասխանատվության. «Մեզ մոտ գործում է Քրեական օրենսգիրք, հրապարակված պաշտոնական տեղեկագրում (Zbierka zákonov), թարգմանված անգլերեն լեզվով, և այդ Քրեական օրենսգրքում առկա է 424ա պարագրաֆ, որտեղ սահմանվում է, որ քրեորեն պատժելի են համարվում հրեաների ոչնչացման (և կամ «հոլոքոստի») մերժման, կատարվածի արժեզրկման, և կամ անարգանքի արտահայտման դեպքերը: Քրեորեն պատժելի են համարվում նաև ցեղասպանության մերժումը, կատարվածի արժեզրկումը, անարգանքի արտահայտումը, և այդ թվում, հատկապես, հայերի ցեղասպանության հարցը»,- SITA գործակալությանը հայտնել է Հարաբինը:


Այնուհետև, նա նաև հայտնել է, որ Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավորները 2004թ. ընդունել են որոշում, որով հաստատել են 1915թ. հայերի ցեղասպանությունը. «Քանի որ 2004թ. մենք ընդունել ենք որոշում, հաջորդ քայլն է եղել օրենքում նախատեսել քրեական պատասխանատվություն: Որոշմամբ մենք ընդամենը հաստատել ենք այն փաստը, որ հայերի ցեղասպանություն տեղի է ունեցել», - հավելել է Հարաբինը:


Շտեֆան Հարաբինի խոսքերով խնդիրը լուծվել է 2009թ. Քրեական օրենսգրքում մտցված փոփոխությամբ. «Մենք Եվրամիության միակ երկիրն ենք, որը նախատեսել է քրեական պատասխանատվություն նաև հայերի ցեղասպանության համար»,- ասել է Հարաբինը և ավելացրեց, որ այլ դեպքում լինելով Սլովակիայի գերագույն դատարանի նախագահ ինքն իրեն թույլ չէր տա հայտնել այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին:


SITA լրատվական գործակալության հարցին Սլովակիայի ԱԳՆ մամլո խոսնակ Բորիս Գանդելը հայտնել է, որ Քրեական օրենսգրքի դրույթների` կատարման ենթակա մեկնաբանությունը դատարանի իրավասության տակ է գտնվում:

 

Բրատիսլավա, սեպտեմբերի 25 (SITA)»