Համայն եզդիների հոգևոր առաջնորդը վստահություն է հայտնել, որ իր այցը կխթանի հայերի և եզդիների բարեկամությանը

17:39 • 01.10.12

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակության հետ:

 

Ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ և եզդի ժողովուրդները պատմականորեն միշտ եղել են բարեկամներ, և այդ եղբայրական հարաբերությունները ներկայում էլ շարունակվում են:

 

Ինչպես Իրաքի հայ համայնքն է մշտապես զգում եզդի դրացիների աջակցությունը, այնպես էլ Հայաստանի եզդիներն են հատուկ վերաբեմունքի արժանանում:

 

Փոխնախագահի խոսքով` հայերը միշտ էլ հիշում են եզդի ժողովրդի մասնակցությունն անցյալ դարասկզբի մայիսյան հերոսամարտերին, երբ ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը Բաշ Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում կռիվ էր տալիս իր անկախության համար, եզդիները, Ջհանգիր Աղայի և այլ եզդի հրամանատարների գլախավորությամբ հայերի հետ միասին մասնակցեցին այդ պայքարին: Եզդիներն ակտիվ մասնակցություն ունեցան նաև Արցախյան հերոսամարտին:


Էդուարդ Շարմազանովը վստահություն է հայտնել, որ Հայաստանում Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այս այցը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը:

 

Փոխնախագահը հյուրերին ներկայացրել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությունը, նշելով, որ ամենալայն հնարավորություններ են ստեղծված վերջիններիս հոգևոր, մշակութային և ազգային արժեքների պահպանման ու զարգացման համար, ընդհուպ ազգային լեզվով ռադիոժամի ու տպագիր մամուլի առկայությունը:

 

Նրա ներկայացմամբ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լավ հնարավորություններ ունեն և ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական, քաղաքական, մշակութային անցուդարձին:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Միրե -Միրա Թախսին Բեգը նույնպես վստահություն հայտնել է, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ և եզդի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

 

Երկուստեք կարևորվեց հաճախակի փոխայցելությունների կազմակերպումը` ամենատարբեր մակարդակներով: Այդ տեսանկյունից Էդուարդ Շարմազանովը կարևորել է ժամանակին Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև երբեմնի աշխույժ կապերի վերականգնումը:


Հանդիպմանն անդրադարձ է եղաել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: