Վրաստանի ընտրություններում էքզիթ-փոլի արդյունքներով հաղթել է ընդդիմությունը, իշխանությունն էլ պնդում է իր հաղթանակի մասին(վիդեո)
Վրաստանում հրապարակվել են այսօր կայացած խորհրդարանական ընտրությունների էքզիթ-փոլի առաջին արդյունքները: Ըստ վրացական Грузия Online-ի, էքզիթ փոլի արդյունքները վկայում են ընդդիմության հաղթանակի մասին, մինչդեռ ընտրության նախնական տվյալները այլ բան են ասում։
Մասնավորապես, կրկին Грузия Online-ի համաձայն, էքզիթ-փոլերի նախնական տվյալների հրապարակումից հետո երկրի բնակչությանն է դիմել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա շնորհակալություն է հայտնել բոլորից, ով մասնակցել է ընտրություններին։
Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, համամասնական ընտրակարգով հաղթանակ է տարել ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան, մեծամասնական շրջաններում հաղթանակ է տարել իշխող «Միացյալ ազգային շարժումը»:
«Այժմ հստակեցվում է, թե ով է խորհրդարանում մեծամասնություն ստացել, սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ ընտրությունները կայացել են: Վրաստանի իշխանությունները կարողացան թափանցիկ ընտրություններ անցկացնել:
Համամասնական ընտրակարգով «Վրացական երազանքի» հաղթանակը հիմնականում պայմանավորված է Թբիլիսիում կոալիցիայի ստացած ձայներով: Վրաստանի մարզերում, նախնական տվյալներով, առջևում է «Միացյալ ազգային շարժումը», սակայն դա չի նշանակում, թե մենք երկիրը բաժանում ենք մարզերի և մայրաքաղաքի` մենք բոլորս վրացիներ ենք, Վրաստանի քաղաքացիներ, և այժմ կարևորը այն է, որ բոլորս լծվենք ժողովրդավարական գործընթացներին: Ես որպես նախագահ, երաշխավորը կլինեմ, որ անցումը նոր խորհրդարան լինի անվնաս և օրենքի պահպանմամբ», - ասել է Սաակաշվիլին:
Reuters-ը ևս հաղորդում է Սաակաշվիլու կուսակցության հաղթանակի մասին, չնայած էքզիթ-փոլի արդյունքներին։
Նշենք, որ խորհրդարանում լինելու է 15 պատգամավորական մանդատ, որից 77-ը համամասնական, իսկ 73-ը՝ մեծամասնական կարգով են։
Ըստ երեք տարբեր ընկերությունների կողմից կատարված հարցումների՝ էքզիթ-փոլի առաջին տվյալներն ունեն հետևյալ տեսքը
«Էդիսոն Ռիսերչ» (ԱՄՆ)
________________________
«Վրացական երազանք»- 51%
«Ազգային շարժում»- 41%
«Քրիստոնյա-դեմոկրատական շարժում» - 4%
Լեյբորիստներ - 1%
Մնացած կուսակցություններ - 3%.
Սրանք տվյալներն են այն մարդկանց քանակից, ովքեր պատասխանել են «Ում օգտին եք քվեարկել» հարցին: Եվս 35% հարցվածներ հրաժարվել են պատասխանել նշյալ հարցին:
Գերմանական GFK ընկերություն
_____________________________
«Վրացական երազանք»- 35%
«Ազգային շարժում»- 30%
«Քրիստոնյա-դեմոկրատական շարժում» - 1,36%
Հրաժարվել են պատասխանել - 32%.
«Ընտրողների լիգա» (առնչություն ունի «Վրացական երազանքի» հետ)
____________________________________________________________
«Վրացական երազանք»- 70,24%
«Ազգային շարժում» - 24,66%
«Քրիստոնյա-դեմոկրատական շարժում» - 1,45%
Նշվում է, որ ներկայացված արդյունքները դեռ վերջնական չեն:
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում, ընդդիմությունը կարող է ընտրել իր վարչապետին, ով, ամենայն հավանականությամբ կլինի հենց ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։ Իսկ դա նշանակում է, որ այս երկրում 2013-ից գործելիք նոր կառավարման համակարգի համաձայն, որն ի դեպ ընդունվել է Սաակաշվիլիի նախաձեռնությամբ, իշխանական բուրգում առաջին տեղը կզբաղեցնի վարչապետը։










