ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Սիրիայում շարունակվող բախումների կապակցությամբ

10:37 • 01.10.12

Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Լիբանանի, Հորդանանի և Սիրիայի արտգործնախարարների հետ:
Էդվարդ Նալբանդյանի և Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ նախագահի Լիբանան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, մտքեր են փոխանակվել Միջին Արևելքում ընթացող զարգացումների շուրջ:


Էդվարդ Նալբանդյանի և Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդեհի զրույցի ժամանակ անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ընդլայնման մասին: Այս առումով կարևորվել է Ամմանում ՀՀ դեսպանի հավատարմագրումը և ՀՀ պատվո հյուպատոսության հիմնումը, իրականացվող մշակութային փոխանակումները:


Նախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, գործարար կապերի զարգացման, ինչպես նաև մշակութային ոլորտում փոխգործակցության ակտիվացման համար:

 

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին էր նվիրված եղել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ:

 

Սիրիայի արտգործնախարարը ներկայացրել է երկրում վերջին զարգացումները և մոտեցումները ՄԱԿ-ի և Արաբական լիգայի բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելության վերաբերյալ:

 

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն է հայտնել է Սիրիայում շարունակվող բախումների և վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ անհնար է հասնել ճգնաժամի հաղթահարման առանց բոլոր կողմերից բռնությունների դադարեցման և բոլոր սիրիացիների շահերն հաշվի առնող քաղաքական երկխոսության: