Քաղցկեղից բուժված ավստրալացի օպերային երգչուհին ցանկանում է բարեգործական համերգ տալ Հայաստանում

12:14 • 01.10.12

Ավստրալացի օպերային երգչուհի Լիզա Բելլը ցանկություն է հայտնել Հայաստանում հանդես գալ բարեգործական համերգով` համերգի ողջ հասույթը տրամադրելով «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին` արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով տառապող երեխաներին օգնության համար: Իր երկրում մեծ ճանաչում ունեցող օպերային երգչուհին ինքն էլ տառապել է քաղցկեղով և անցնելով մեծ դժվարությունների միջով` կարողացել հաղթահարել հիվանդությունը:


«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը ողջունել է երգչուհու նախաձեռնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի գրասենյակից։

 

Ուղևորությունից առաջ Լիզա Բելլին ողջույնի ուղերձ է հղել նաև Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդը, որում մասնավորապես ասված է. «Լիզա Բելլը կայացած անձնավորություն է, ում երգեցողական օժտվածությունը մեծագույն հաճույք է պատճառում բազում ունկնդիրների և ում անձնական կյանքի խիզախ պատմությունը ոգևորել է շատ-շատերին:

 

Ուրախությամբ տեղեկացա, որ Լիզա Բելլը կներկայացնի իր տաղանդը ԱՄՆ-ում և Հայաստանում, որտեղ վստահ եմ, որ հանդիսատեսները բարձր կգնահատեն նրա ունակությունները և կարձագանքեն ուրիշների հանդեպ նրա հոգատարությանը:

 

Հիրավի մեծ հպարտություն ապրեցի, երբ տեղեկացա, որ նրա դրամահավաքից գոյացած գումարները կուղղվեն Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների կարիքներին: Սա հիանալի նախաձեռնություն է:

 

Ավստրալիան մեծապես գնահատում է իր բարեկամությունը Հայաստանի հետ: Ավստրալիայում ապրում է հզոր և հաջողակ հայկական համայնք, որն, իրավամբ, հպարտանում է իր հայկական արմատներով և Հայաստանի` ազատության համար երկարատև պայքարով:

 

Լիզա Բելլին ցանկանում եմ ամենայն հաջողություն իր շրջագայության ընթացքում և վստահ եմ, որ այստեղ այսօր հավաքված նրա բոլոր բարեկամներն ու աջակիցները նրա համար կկազմակերպեն պատշաճ ճանապարհում, ամրագրված ոչ միայն բարեմաղթանքներով, այլև առատաձեռնությամբ:


Շնորհավորանքներս, Լի′զա, և ամենայն հաջողություն այս հիասքանչ ուղևորության ընթացքում»:

 

Քաղցկեղից բուժված ավստրալացի օպերային երգչուհին ցանկանում է բարեգործական համերգ տալ Հայաստանում