Սանկտ Պետերբուրգում կինը փրկել է երթուղայինի ուղևորների կյանքը՝ վարորդի ձեռքից վերցնելով ղեկը
Սանկտ Պետերբուրգ - Մուրմանսկ ավտոճանապարհին կինը փրկել է «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի ուղևորների կյանքը։
Ճանապարհի 18-րդ կիլոմետրին միկրոավտոբուսի վարորդն իրեն վատ է զգացել։ Նա միայն հասցրել է ասել մեկ բառ՝ «քշիր», որից հետո կորցրել է գիտակցությունը, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով БалтИнфо-ին։
Սակայն ուղևորուհիներից մեկը, չկորցնելով իրեն, կարողացել է հանել ընթացքի մեջ գտնվող մեքենայի բանալին և մի քանի հարյուր մետր կառավարել երթուղայինը, մինչև այն չի կանգնել՝ այդպիսով փրկելով ուղևորների կյանքը։
Այնուհետ նա շտապ օգնություն և ոստիկանություն է կանչել։ Վարորդին փրկել չի հաջողվել։ Նրա մահը, ենթադրաբար, վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով։










