Չինական ընկերությունը պատրաստվում է դատի տալ Բարաք Օբամային

14:11 • 01.10.12

Չինական Ralls ընկերությունը, որին ԱՄՆ իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել են Օրեգոն նահանգում հողմակայանի շինարարություն իրականացնել, հայտարարել է, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի դեմ, հայտարարում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով լոնդոնյան Financial Times թերթին:

 

Նախորդ ուրբաթ Օբաման հատուկ հանձնարարականով արգելել էր չինական ընկերությանը շինարարություն իրականացնել, միևնույն ժամանակ պարտադրել էր Ralls-ին մոտակա 14 օրերի ընթացքում տարածքներից դուրս բերել սարքավորումները, այնուհետև 90 օրվա ընթացքում վաճառել տարածքները։

 

Պատճառը մոտակայքում ԱՄՆ ռազմածովային հրաձգարանի տեղակայումն է, որտեղ այժմ ընթանում են նորագույն անօդաչու թռչող սարքերի փորձարկումներ։

 

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն իրավասու մարմիններին իրավունք է տվել Ralls ընկերության աշխատակիցներին հարցաքննել և ստուգել բոլոր ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ համակարգչային նիշքերը։

 

«Չինական ընկերությունը հայտարարել է, որ դատի է տալիս Բարաք Օբամային նախագիծը կանգնեցնելու նրա որոշման համար։ Հայցում նշվում է, որ նախագահը չի կարող օրենքից վեր լինել, եթե անգամ ազգային անվտանգության հարցերն են որոշվում», - նշում է պարբերականը։


Ralls ընկերությունը պահանջում է փոխհատուցում։
Թերթը նշում է, որ պատմության մեջ երբևէ ԱՄՆ նախագահի դեմ նման հայց չի ներկայացվել։