Մոսկվան առնչություն չունի Թուրքիայի ռազմական օդանավի կործանման հետ. ՌԴ ԱԳՆ

21:54 • 01.10.12

Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տեղեկատվությունը այն մասին, թե իբր այս տարվա հունիսին Ռուսաստանի աջակցությամբ է ոչնչացվել թուրքական օդուժի կործանիչը Սիրիայի օդային տարածքում, հաղորդում է BBC-ն:


Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, հղում կատարելով ինչ որ գաղտնի փաստաթղթերի, հաղորդել էր, թե 2012թ. հունիսին Թուրքիայի օդուժի կործանիչը սիրիական հակաօդային պաշտպանության կողմից խփվել էր Տարտուս ռազմաբազայի ռուսական ռազմական փորձագետների աջակցությամբ:


«Անհարմար է նույնիսկ մեկնաբանել այս ամբողջ անհեթեթությունը, սակայն ստիպված ենք…. Այս ամենևին էլ ոչ անվնաս ֆանտազիայի արգասիքները հիմնված են այսպես կոչված հետախուզական տվյալների բազայի վրա, որոնք հայթհայթել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, այդ թվում և «ՌԻԱ նովոստի» գործակալության կայքից: Կեղծիքի հեղինակները նույնիսկ չեն մտահոգվել, որ «գաղտնի նախագծից» հեռացվեր համապատասխան լոգոտիպը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: