Այսօր Տարեցների միջազգային օրն է
Ամեն տարի հոկտեմբերի 1-ին աշխարհում նշվում է Տարեցների միջազգային օրը։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, օրվա առիթով ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, որտեղ մասնավորապես նշվում է, որ մինչև 2050թ.-ն աշխարհի բնակչության յուրաքանչյուր չորրորդ կամ հինգերորդ մարդը 60-ն անց է լինելու։
Բացի այդ, մասնագետները հաշվարկել են, որ գալիք տասնամյակի ընթացքում 60-ն անց մարդկանց թիվը կավելանա 200 մլն-ով՝ գերազանցելով 1 մլրդ-ը։
Տարեցների միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից, 1990թ.-ի դեկտեմբերի 14-ին։ Կարելի է ասել, որ տվյալ օրվա հռչակումը շարունակությունն է Տարեցների խնդիրներին նվիրված գործողությունների Վիեննայի միջազգային պլանի, որն ընդունվել է 1982թ.-ին։ Իսկ 1991թ.-ին ընդունվել են տարեց մարդկանց նկատմամբ ՄԱԿ-ի սկզբունքները։
Սկզբնապես տարեցների օրը նշվել է միայն Եվրոպայում, ավելի ուշ՝ ԱՄՆ-ում։ Իսկ 1980-ականներին տոնը նշվել է արդեն աշխարհի այլ երկրներում։ Այն ընդունված է առանձնահատուկ նշել Սկանդինավյան երկրներում։










