Տարոն Մարգարյանը պարգևատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ՌՏՄԱ-ի Պատվո նշանով

15:26 • 01.10.12

Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի նախաձեռնող-կազմակերպիչների հետ և հանդիպման ժամանակ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Յուրի Լագուսեվի կողմից պարգևատրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ՌՏՄԱ-ի Պատվո նշանով՝ զբոսաշրջային ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար:


Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ՌՏՄԱ-ի ռեկտորը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել Մոսկվայի կառավարության Զբոսաշրջության և հյուրանոցային տնտեսության կոմիտեի նախագահ Ս. Պ. Շպիլկոյի շնորհակալական ուղերձը:



Շնորհավորելով հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և հաջողություն մաղթելով գիտարշավի կազմակերպիչներին՝ Տարոն Մարգարյանը պատրաստակամությունն է հայտնել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել նախաձեռնությանը:
 

«Զբոսաշրջային գրավչության առումով փորձում ենք Երևանը առավել հետաքրքիր և հարմարավետ դարձնել զբոսաշրջիկների համար: Աջակցելով գիտարշավին՝ պատրաստ ենք նաև համագործակցել և նոր ու հետաքրքիր մտահղացումներ և համատեղ ծրագրեր ու միջոցառումներ իրականացնել»,– ասել է Տարոն Մարգարյանը:
 

«Ողջունում եմ բուհի մեծ առաքելությունը՝ տուրիզմը որպես գիտություն զարգացնելու և բարձրակարգ կադրեր պատրաստելու հարցում, ինչը համահունչ է Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջային հայեցակարգին»,- նշել է քաղաքապետը:


Հայաստանի տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Սահակյանը նշել է, որ գիտաժողովի նպատակն է Հայաստանում ի հայտ բերել զբոսաշրջային նոր ռեսուրսներ և որպես ապրանք ներկայացնել արտաքին շուկաներ: Ռեկտորը հավելել է նաև, որ Երևանը ակնհայտ բարեփոխվել է և տեսանելի են հատկապես կոլորիտային քաղաք ստեղծելուն ուղղված աշխատանքները:


Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի վերաբերյալ մենագրություն է հրատարակվելու, որը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի աշխարհագրական ընկերություններին:


Գիտարշավը կազմակերպել է Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիան և Տուրիզմի հայկական ինստիտուտը։