ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Վրաստանում

10:13 • 02.10.12

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում և Աջարիայի հայ համայնքի հետ հանդիպման նպատակով` Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելել է Աջարիայի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

 

Սեպտեմբերի 29-ի առավոտյան ՀՀ դեսպանը և դեսպանության դիվանագիտական կազմը Բաթումիի Սուրբ Փրկիչ հայ առաքելական եկեղեցում մասնակցել են հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանի կողմից տրված պատարագին:

 

Նույն օրը Բաթումիի «Բարեկամության տանը» Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին, որին մասնակցել են Աջարիայի հայերի միության, երիտասարդական և կանանց կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սաներ, ինչպես նաև հայ համայնքային կյանքում ակտիվ մասնակցություն ունեցող անձիք: Միջոցառմանը ներկա է եղել նաև Բաթումիում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

 

Դեսպան Մանուկյանը, հայ համայնքին ներկայացնելով նորանշանակ գլխավոր հյուպատոսին, հույս է հայտնել, որ նորանշանակ գլխավոր հյուպատոսը նոր լիցք կհաղորդի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքներին, և, մասնավորապես, կնպաստի Աջարիայի հայ համայնքի մշակութային ու հոգևոր վերելքի գործին:

 

Դեսպանը բարձր է գնահատել Աջարիայի հայ համայնքի և Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության միջև հաստատված կանոնավոր շփումները, կարևորեց հետագա համակարգված փոխգործակցությունն ու վրացահայ համայնքի դերակատարությունը Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

 

Ողջույնի խոսքով հանդես է եկել Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, համայնքային կազմակերպությունների ղեկավարները և Աջարիայի հայերի հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը:

 

Հանդիսության շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերի, շնորհակալագրերի և խրախուսական պարգևների են արժանացել Աջարիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

 

Միջոցառման ավարտին համերգով հանդես են եկել եկեղեցական երգչախմբի և կիրակնօրյա դպրոցի սաները: