Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահին

17:23 • 02.10.12

Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի լրատվական ծառայությունից:


Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններն առաջընթաց և զարգացում են ապրում` բարի արգասիքներ բերելով երկու ժողովուրդներին:

 

Նորին Սրբությունը նշել է, որ միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների առավել խորը ընկալմանը` գոհունակություն հայտնելով տարածաշրջանում խաղաղության կայունացմանն ու առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղվող ջանքերի համար:


Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքն է բերել փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իր ունեցած կարևոր ներդրման համար:


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Քույր Եկեղեցիների կապերին ու համագործակցությանը, եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գործում հոգևոր առաջնորդների դերակատարությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Բունդեսթագի փոխնախագահը խոսեցին նաև ազգային ինքնության պահպանության գործում Եկեղեցու առաքելության մասին:

 

Հանդիպմանը ներկա է եղել Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը: