Գորիսի բնակիչն ահազանգում է ծառահատումների մասին (լուսանկարներ)

11:14 • 02.10.12

 Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մի շարք բերքատու ծառերի հատման շուրջ մայիսին Գորիս քաղաքում բարձրացած աղմուկը, երբ ճանապարհի լուսավորությունն ապահովելու համար, քաղաքապետարանի աշխատակիցներն անխնա կտրել էին քաղաքացիներին պատկանող, բայց իրենց խանգարող ծառերը՝ հաշվի չառնելով դրանց վրա առատ բերքը, ինչպես նաև բնակիչների կարծիքը: Եվ այսօր նույն գործելաոճը կրկին շարունակվում է. այս մասին ահազանգում է Գորիսի բնակիչ Արթուր Կոջաբաղյանը:


«Նպատակը լավ է՝ քաղաքն են լուսավորում, բայց աշխատաձևը փնթի է ու սխալ։ Եվ ահա այդ փնթիության հերթական զոհը՝ կատարվեց հերթական ծառահատումը: Պատրվակը նույնն է՝ կատարում են գյուղի գլխավոր փողոցի լուսավորման աշխատանքներ»,- Արթուր Կոջաբաղյանը հայտնում է, որ փողոցը լուսավորելու անվան տակ այս անգամ էլ կտրել են Գորիսի շրջանի Վերիշեն գյուղի բնակչի ընկուզենու ծառը։


Տանտերը տանը չի եղել, իսկ սղոցողն էլ արհամարհել է տան տիկնոջ հորդորը՝ սպասել տանտիրոջ ժամանմանը։ Ծառը կտրել են ու տեղադրել լուսարձակի սյունը: «Իսկ ընկուզենու վրա կար առատ բերք, որն ընդամենը մեկ շաբաթ հետո արդեն հասունացած պիտի լիներ: Խեղճ ծառ․ ի՞նչ անի, որ իր շուրջ դեռ կան թուխս գողացող աղվեսներ, սերմնացու գողացող մկներ․․․»։

 

Ծառը կտրելուց հետո միայն պարզել են, որ սյունը սխալ է տեղադրված և պետք է տեղափոխել մայթեզրի վրա։ Այսինքն, ծառն իզուր էին կտրել:



Գորիսի բնակիչն անհանգստությամբ տեղեկացնում է, որ ամիսներ առաջ տեղի ունեցածն այսօր դարձյալ կրկնվեց, որովհետև նախորդ անգամ ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց.«Բոլորն ասացին, հա~, լավ բան չի ստացվել, ասացին ու անցան»։ Հեղինակի հետևությունը մեկն է ՝ անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում։

 

Արթուր Կոջաբաղյանը Tert.am –ին տրամադրել է նաև համապատասխան լուսանկարներ: