ՀՀ իշխանությունները սպառնում են ՀԿ-ին և նախկին արտգործնախարարին. Huffington Post-ը՝ Օսկանյանի գործի մասին

12:00 • 02.10.12

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարձակումը սպառնում է փակել երկրի ամենաակտիվ և ամենանորարարական շահույթ չհետապնդող կազմակերպություններից մեկը՝ Civilitas-ը, գրում է ամերիկյան Huffington Post լրատվական կայքը՝ անդրադառնալով ՀՀ-ն ընդդեմ Վարդան Օսկանյանի գործին:

 

Ներկայացնելով Օսկանյանին և Civilitas-ը՝ աղբյուրը հաջորդիվ գրում է, որ 2011թ.-ի հունվարին հիմնադրամը մոտ 2 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն էր ստացել ամերիկացի գործարար և բարերար Ջոն Հանթսման ավագից, և այն ժամանակ Հայաստանի մաքսային իշխանությունները ոչինչ չէին ասել: HP-ն նկատում է, որ 2012-ի մայիսից՝ Օսկանյանի՝ Ազգային ժողովում հայտնվելուց հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ հարուցեց Օսկանյանի և Civilitas հիմնադրամի դեմ: Իսկ այդ «ժամանակային համընկնումը հազիվ թե պատահականություն էր»,- գրում է ամերիկյան կայքը:

 

Աղբյուրը նշում է, որ Օսկանյանին սպառնում է 4-12 տարվա ազատազրկում: Huffington Post-ը նկատում է, որ ՀՀ իշխանությունները ցանկացած պահի կարող են սառեցնել Civilitas-ի բանկային հաշիվները և 60 մարդու առանց աշխատանքի թողնել:

 

Կից՝ աղբյուրն անդրադառնում է նաև արտագաղթի խնդրին՝ գրելով, որ շատ կրթված հայաստանցիներ գերադասում են լքել երկիրը՝ աշխատանք որոնելով արտերկրում: Բերվում է նաև վիճակագրություն, որի համաձայն 2011թ.-ին Հայաստանից 43 800 մարդ է հեռացել՝ երկրի բնակչության 1,3 տոկոսը, իսկ 2 000թ.-ից ի վեր՝ 236 200 մարդ՝ բնակչության 7,2 տոկոսը: