Կահիրեն Թուրքիայի հետ համատեղ Սիրիա ներխուժելու վերաբերյալ բանակցություններ չի վարել. Մուրսիի աշխատակազմ

03:17 • 02.10.12

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին Անկարա կատարած իր այցի շրջանակներում չի քննարկել սիրիական հակամարտությանը ռազմական միջամտություն իրականացնելու հնարավորությունը, հայտարարում է Եգիպտոսի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Յասիր Ալին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


«Նախօրեին Թուրքիա կատարած կարճատև այցի շրջանակներում, Մուրսին թուրքական ղեկավարության հետ չի քննարկել ներսիրիական ճգնաժամին ռազմական միջամտություն իրականացնելու հնարավորությունը», - ասել է Ալին:


Նրա խոսքով, «նման բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»:


Եգիպտոսի նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունը հնչել է Մուրսիի քաղաքական խորհրդական Սեյֆ Աբդելֆաթահի հայտարարության ֆոնին այն մասին, որ «Եգիպտոսը ուսումնասիրում է Կատարի առաջարկը արաբական երկրների միացյալ ուժերի կողմից Սիրիա ռազմական միջամտություն իրականացնելու վերաբերյալ, այդ երկրում հակամարտությանը վերջ դնելու նպատակով»:


«Եգիպտոսի նախագահը հանդես է գալիս Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման օգտին և կարծում է, որ բռնի մեթոդները միայն բարդացնում են ճգնաժամը, այլ ոչ նպաստում դրա կարգավորմանը», - պարզաբանել է Ալին:


Մեկնաբանելով նախագահի խորհրդական Աբդելֆաթահի խոսքերը, Մուրսիի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Եգիպտոսի նախագահի խորհրդականների հայտարարությունները արտահայտում են միայն իրենց անձնական տեսակետը և երկրի պաշտոնական դիրքորոշմանհետ որևէ կապ չունեն»: