Սկսվում է «Գրին քարտ»-ի 2014թ. խաղարկությունը
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է, որ «Բազմազանության արտոնագիր» («Գրին քարտ») վիճակախաղի 2014թ. խաղարկության գրանցման գործընթացը սկսված է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինին և մանրամասնեց, թե ինչպե՞ս կարելի է ստանալ «Գրին քարտ»:
«2014թ. վիճակախաղի մասնակցության դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ սկսած հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 3-ը: Մասնակցության համար պետք է այցելել կայք և գրանցման համար նախատեսված ժամանակահատվածում լրացնել օնլայն դիմում: Թղթային կրիչներով դիմումներ չեն ընդունվում»,- ասաց հյուպատոսը։
Նա նաև ավելացրեց, որ մասնակիցներին խորհուրդ են տալիս գրանցումը չթողնել վերջին շաբաթվան, քանի որ մեծ պահանջարկը կարող է վատ անդրադառնալ կայքի աշխատանքի վրա:
ԱՄՆ հյուպատոսը նշեց, որ ամենամյա ծրագրի շրջանակում դիմորդները պարտավոր են բավարարել կոնկրետ պահանջների, իսկ մինչ այդ հաղթող են ճանաչվում պատահական սկզբունքով:
«Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը՝ պատահական ընտրությամբ ընտրում է հաղթողներին, ովքեր իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնել»,– ասաց նա:
«Այս արտոնագրերը բաշխվում են 6 աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը տրվում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ: Իսկ այն երկրները, որոնք 5 տարիների ընթացքում 50.000-ից ավելի ներգաղթյալ ունեն՝ իրավունք չունեն մասնակցել ծրագրին»,- տեղեկացրեց հյուպատոսը և նշեց, որ ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ արտոնագրերի 7%-ից ավելին:
ԱՄՆ հյուպատոսն ասաց, թե հարկավոր է հստակ իմանալ, որ այս խաղարկության շահումը չի նշանակում արտոնագրի տրամադրում, քանի որ դրանից հետո պետք է հարցազրույց անցնեն և որակավորված լինեն՝ արտոնագիր ստանալու համար:
Ջորջ Լինին խոսեց նաև «Գրին քարտի» խաղարկության ժամանակ կիրառվող կեղծիքներից. «Մենք տեղյակ ենք, որ կան կայքեր, որոնք աջակցություն են տրամադրում դիմումը լրացնելու համար, սակայն կան որոշ կայքեր, որոնք բացարձակ կեղծիքի մեջ են ներգրավված: Կոչ ենք անում, որ մարդիկ իրենք լրացնեն, քանի որ դիմումի ձևը հայերեն տարբերակով կարող են գտնել պետքարտուղարության կայքում, որի համար ոչ մի գումար չի պահանջվում»:
Բացի այդ, դեսպանության ներկայացուցիչը նշեց, որ պետքարտուղարությունը հաղթելու մասին տեղեկությունը էլեկտրոնային հասցեներին չի ուղարկում, նաև էլեկտրոնային հասցեներով գումար չի պահանջում։
«Բոլոր դեսպանատներն աշխարհի տարբեր ծայրերից ստանում են հայցեր, որ կեղծ նամակներ են ստանում իրենց էլեկտրոնային փոստին և դրանք ուղարկվում են, կարծես թե, Պետքարտուղարության պետական էլ. հասցեներից: Դիմորդին ներկայացնում են, թե շահել են գրին քարտ և մեծ գումարներ պահանջում: ԱՄՆ դեսպանատունը երբեք էլեկտրոնային հասցեի միջոցով չի տեղեկացնում, իսկ գումարները վճարվում են ԱՄՆ դեսպանատանը՝ հարցազրույցի ժամանակ»,- ասաց նա:
Ըստ հյուպատոսի, հաղթողներն այդ մասին ծանուցվում են գրանցումից հետո, նրանց ուղարկված համարները ներկայացնելով դեսպանատուն:
Հյուպատոսը թվեր չկարողացավ ներկայացնել, բայց նշեց, որ մասնակցությունը բավական ակտիվ է: Հաղթելուց հետո արտոնագիր ստանալու համար, ըստ նրա, հիմնականում հաշվի են առնում կրթությունը և աշխատանքային փորձը. «Մնացածն արդեն երկրորդական ենք համարում»:
Ի դեպ, 2011թ-ին Հայաստանից «Գրին քարտ» է շահել 1200 մարդ , իսկ 2012թ-ին՝ 998-ը: Հյուպատոսը նաև նշեց, որ հաղթելու դեպքում արտոնագիր ստանալու համար վճարվող գումարի չափը կախված է ընտանիքի անդամներից. «Այս պահին 330 դոլար է՝ մեկ անձի համար: Չհաղթելու դեպքում՝ գումարը չի հետ չի վերադարձվում»,- ասաց հյուպատոսը և հավելեց, որ պահանջվող գումարը վիզայի համար չէ:










