Մեդվեդևը և Իվանիշվիլին հեռակա կարգով հաճոյախոսություններ են փոխանակում
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռակա կարգով հաճոյախոսություններ են փոխանակել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Մեդվեդևը հույս է հայտնել, որ Վրաստանի ընտրությունների արդյունքը կհանգեցնի քաղաքական լանդշաֆտի բազմազանության այդ երկրում, և խորհրդարանում առավել կառուցողական ուժեր կհայտնվեն:
Իր հերթին, Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի մղումը դեպի ՆԱՏՕ չպետք է խանգարի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
«Ես լավ հասկանում եմ առկա հակասությունները, լավ գիտակցում եմ, որ հեշտ չէ և շատ բարդ է, բայց գիտեմ, որ դա նաև անհնար չէ»,- ասել է Իվանիշվիլին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշումը «չափազանց ծայրահեղացվել է Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, ով դեպի ՆԱՏՕ Վրաստանի մղումը` ինչպես կարմիր լաթ թափահարում էր ցլի դիմաց»:
Աշխարհաքաղաքական պլանում Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումը այսօր անհետաքրքիր է, և չեմ կարծում, որ դա ՌԴ-ի համար այդքան սկզբունքային հարց է, ասել է Իվանիշվիլին:
Նշենք, որ այս պահի դրությամբ Վրաստանի ԿԸՀ-ի կողմից հաշվարկվել է քվեաթերթիկների 85,1%-ը, որի արդյունքում ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը կուսակցական ցուցակներով առջևում է` 54,89%ով, իսկ Սաակաշվիլիի կուսակցությունը 40,42% ձայն է հավաքել:
Ընտրություններին մասնակցել է երկու ընտրական դաշինք և 14 կուսակցություն:Խորհրդարան անցնելու ընտրական շեմը Վրաստանի քաղաքական կուսակցությունների համար 5% է:










