Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

10:24 • 02.10.12

Հոկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:


Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և նշել, որ Հայաստանը աչքի է ընկնում իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը:

 

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել մարդասպան Սաֆարովի ազատ արձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և կազմակերպության այլ կառույցների կողմից միանշանակ արձագանքները:

 

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի, Հազարամյակի զարգացման և կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոպենհագենի և Դուրբանի գագաթաժողովների լույսի ներքո կարևորել է մինչև 2015 թ. կլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի կնքումը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի համընդհանուր պարբերական զեկույցի վերաբերյալ առաջարկությունների իրականացման գործընթացին:

 

Բան Կի-մունը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար: