Սաակաշվիլին ընդունել է պարտությունն ու հայտարարել ընդդիմություն դառնալու մասին
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է «Միացյալ ազգային շարժման» պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հայտարարել է, որ կուսակցությունն արդեն ընդդիմություն է, հայտնում է Russia Today-ը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալներով՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան քվեաթերթիկների 25.17%-ի հաշվարկի արդյունքում հավաքել է 53.19%-ը։
«Հաշվարկի արդյունքում ակնհայտ է, որ այս ընտրություններում հաղթանակի է հասել «Վրացական երազանք»-ը։ Դա նշանակում է, որ նոր խորհրդարանական մեծամասնությունը կձևավորի նոր կառավարություն, և նախագահը, համաձայն Սահմանադրության, կօժանդակի խորհրդարանի ղեկավարի ընտրությանն ու նոր կառավարության հաստատմանը»,-ասել է Սաակաշվիլին։
Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած կուսակցությունը հավաքել է ձայների 41.51%-ը։ Մյուս կուսակցությունները հավաքում են 5%-ից քիչ ձայն։
«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներն առաջատար են մեծամասնական ընտրակարգով։ 73 տեղերից 30-ում հաղթել են Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցները, իսկ 27-ում՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները։ 16 շրջաններում ընտրության արդյունքները դեռ չեն հրապարակվել։










