Սիրիական ազատ բանակի հրամանատարը հերքում է լուրերը, թե Հալեպում շրջափակման մեջ է հայտնվել
Սիրիական ընդդիմության ռազմական թև համարվող «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) հրամանատար գնդապետ Ռիյադ Ասադը հերքել է արաբական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, թե ինքը արգելափակված է կառավարական զորքերի կողմից Հալեպ քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Աշ Շարք ալ աուսատ» թերթին:
«Ես արգելափակման մեջ չեմ: Ես շարունակում եմ ղեկավարել ՍԱԲ-ի մարտական գործողությունները», - հայտարարել է գնդապետը՝ չբացահայտելով իր գտնվելու վայրը:
Նախօրեին լիբանանյան ԶԼՄ-ներում` Թուրքիայի աղբյուրներին հղումով, տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ թուրքական ռազմական հրամանատարությունը խիստ մտահոգ է Հալեպում տիրող իրավիճակով, որտեղ տեղի ունեցող կատաղի մարտական գործողությունների արդյունքում ՍԱԲ-ի ջոկատների մի մասը, հրամանատար գնդապետ Ռիյադ Ասադի հետ միասին հայտնվել է Սիրիայի բանակի շրջափակման մեջ:
Հաղորդվում էր նաև, որ թուրքական բանակի հրամանատարությունը պլան է մշակում ՍԱԲ-ի հրամանատար Ռիյադ Ասադի տարհանման նպատակով:
Իր հերթին, Սիրիայի հեռուստատեսությունը, մեկ այլ աղբյուրից տեղեկություններ ստանալով, օրերս հաղորդեց, որ գնդապետ Ռիյադ Ասադը ընդհանրապես Սիրիա չի վերադարձել Թուրքիայից, որտեղ շարունակում է գործել նրա շտաբը:
Սիրիայի պետական հեռուստաալիքի տեղեկություններով, գնդապետ Ասադը իր շրջապատից 18 սպաների հետ գաղտնի այցով գտնվում է Իսրայելում:
Ներկայում Հալեպում շարունակվում են կառավարական բանակի և ընդդիմադիր գրոհային ջոկատների միջև բախումները:
ՄԱԿ–ի տվյալներով՝ Սիրիայում բանակի և հակակառավարական ուժերի միջև ավելի քան 1.5 տարի բախումներից հետևանքով ավելի քան 20.000 մարդ է զոհվել։










