Հալեպում առավոտյան պայթյուններ են որոտացել. կան բազմաթիվ վիրավորներ (լուսանկարներ)
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում այսօր առավոտյան մի շարք պայթյուններ են որոտացել, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Երկու ականապատ ավտոմեքենաներ պայթեցվել են Հալեպի Սաադալլա ալ Ջաբրի հրապարակում։
Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են նաև նույն շրջանում տեղի ունեցած երեք այլ պայթյունների մասին։
Ինչպես գործակալությանը հեռախոսով հայտնել է Հալեպի մի բնակիչ, ով պայթյունի ընթացքում շուրջ մեկ կմ հեռու է եղել ալ Ջաբրի հրապարակից, տուժածների թիվը կարող է մեծաթիվ լինել, քանի որ այդ ժամին այնտեղ բազմաթիվ մարդիկ են լինում։
Իսկ Սիրիայի պետական հեռուստաընկերության տվյալներով՝ զոհվել է առնվազն 30, վիրավորվել՝ 35 մարդ։
Սաադալա ալ Ջաբրի հրապարակը համարվում է քաղաքի վարչական կենտրոնը, որտեղ տեղակայված է նաև քաղաքապետարանի շենքը։ Այստեղ այժմ կառավարական զորք է տեղակայված։ Այն պարբերաբար ենթարկվում է Սիրիայի ազատ բանակի զինյալների հարձակումներին։
Հալեպի համար մարտերն ընդդիմության և կառավարական ուժերի միջև շարունակվում են արդեն մի քանի ամիս։
Սիրիայի կառավարությունը լրացուցիչ զորքեր է ուղարկել Հալեպ։ Լիբանանյան որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Հալեպի մարտերը գլխավորելու համար նախագահ Բաշար ալ Ասադը մեկնել է քաղաք։
Սիրիայի պետական լրատվամիջոցները, սակայն, հերքում են այս տեղեկությունները։










