Չեչնիայում ՀՀ քաղաքացին առևանգված է ձևացել՝ ընկերոջից փրկագին ստանալու նպատակով
Գրոզնիում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, ով կեղծել է սեփական առևանգումը՝ Գերմանիայի քաղաքացի իր ընկերոջից փրկագին ստանալու նպատակով, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Սեպտեմբերի վերջին անհայտ խումբը Չեչնիայում առևանգել է Հայաստանի և Գերմանիայի քաղաքացի ընկերների»,-նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի ուշ Գերմանիայի քաղաքացուն ազատ են արձակել՝ պահանջելով ընկերոջ ազատ արձակման համար մինչև հոկտեմբերի 2-ը 100 մլն ռուբլու փրկագին վճարել։
«Հատուկ գործողության արդյունքում հայաստանցին ազատ է արձակվել։ Քննության ընթացքում նա պատմել է, որ ինքն է կազմակերպել «առևանգումը»՝ գումարը ստանալու նպատակով»,-պատմել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այժմ որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։










