Շառլ Ազնավուրը «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի Պատվավոր խորհրդի անդամ է
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին Ժնևում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ հանդիպմանը նրա հետ քննարկել է մի շարք հարցեր, կապված հոբելյանական փառատոնի կազմակերպման հետ, և Ազնավուրն իր համաձայնությունն է տվել ընդգրկվելու փառատոնի հոբելյանական Պատվավոր խորհրդում:
Ըստ «Ոսկե ծիրան» փառատոնի երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության՝ նույն օրը, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի շենքում Հարություն Խաչատրյանին և Շվեյցարիայում ՀՀ Փոխդեսպան Սաթենիկ Աբգարյանին հանձնվեց «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից «Ոսկե ծիրան» կինոփառատոնին շնորհված «Միջազգային աստղ որակի համար» մրցանակը:
Հեղինակավոր մրցանակը սահմանված է համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնև) և շնորհվում է արդյունաբերական, ֆինանսական, մշակութային այն կազմակերպություններին, որոնք տվյալ տարում միջազգային ճանաչում են բերել իրենց երկրին:










