«Հարսնաքար»-ի գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց

16:18 • 03.10.12

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց: 


Այս անգամ պատճառը 6 մեղադրյալներից Արման Բաղդասարյանի շահերի պաշպան Հովհաննես Հարությունյանի՝ փաստաբանական ծառայություններից հրաժարվելն էր:


Հոկտեմբերի 1-ին իր պաշտպանից հրաժարվելու մասին ամբաստանյալ Արման Բաղդասարյանը նամակ էր ուղարկել դատարան:


Եվ այսօր որպես Ա. Բաղդասարյանի շահերի պաշտպան դատարան էր ներկայացել Վաղարշակ Գևորգյանը, ով դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ տրամադրելու մասին:


Դատարանը միջնորդությունը բավարարեց և դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 10-ին՝ 14:30-ին:


Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը դատարանին առաջարկեց սույն գործով դատական նիստերն անցկացնել շաբաթական երկու անգամ՝ գործի քննությունն արագացնելու համար:


Դատավորը նշեց, որ դատարանը ևս գտնում է, որ դատական նիստերը հարկ է նշանակել մի փոքր ավելի սեղմ ժամկետներում, որպեսզի հնարավորություն ստեղծվի սկսել գործի քննությունը:


Քննարկումներից հետո որոշվեց, որ հոկտեմբերի 10-ից հետո հաջորդ դատական նիստը կլինի հոկտեմբերի 22-ին, որից հետո գործը կքննվի շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին:


Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել 3 ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

 

«Հարսնաքար»-ի աղմկահարույց գործով կալանավորվածները 6-ն են՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, մատուցող Դավիթ Ադամյանը և Նորայր Հայրապետյանը: Նրանք բոլորը մեղադրվում են տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: