Իվանիշվիլին արդեն նոր կառավարություն է ձևավորել՝ «չմոռանալով» նաև Սաակաշվիլիի մասին. «Իվերոնի»

14:18 • 03.10.12

Վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին արդեն ձևավորել է կառավարության նոր կազմը, հավանաբար, առանց խորհրդակցելու «Վրացական երազանք» կոալիցիայի անդամների հետ, հայտնում է apsny.ge-ն՝ հղում անելով «Իվերոնի» գործակալությանը։

 

Գործակալության «հավաստի աղբյուրի» համաձայն՝ նախատեսված է Վրաստանի կրթության և գիտության նախարար նշանակել Քննությունների կենտրոնի նախկին ղեկավար Մայա Միմինոշվիլիին, սակայն նա ցանկանում է վերադառնալ իր նախկին գործին։

 

«Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ Իրաքլի Ալասանիան խորհում է Իվանիշվիլիի առաջարկած Ներքին գործերի նախարարի պաշտոնի շուրջ։


Պաշտպանության նախարար հնարավոր է դառնա նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին։

Խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին հավանաբար կառաջարկվի ԱԳ նախարարի պաշտոնը։ Այս պաշտոնի թեկնածուներից է նաև նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին։

 

Առողջապահության նախարար հնարավոր է դառնա կոալիցիայի նախընտրական շտաբի ղեկավար, մասնագիտությամբ բժիշկ Դավիդ Սագանելիձեն, Փախստականների և տեղահանվածների հարցերի նախարար՝ Կախա Շարտավան։


Ինչ վերաբերում է Տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարի պաշտոնին, ապա Իվանիշվիլին կատակով ասել է, թե պաշտոնն առաջարկելու է Միխեիլ Սաակաշվիլիին։

 

Մնացած նախարարների թեկնածուների մասին հայտնի չէ։


Իսկ ապագա խորհրդարանի խոսնակ կարող է նշանակվել սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեն։