«Համակրանքը» քաղաքական կատեգորիա չէ. Հմայակ Հովհաննիսյանը Ռ. Քոչարյանի հայտարարության մասին
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարության վերջին նախադասությանը, որում նա նշում է, որ ցավում է կատարվածի համար և իր «համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին», ասաց, որ քաղաքական աջակցությունը քաղաքական կատեգորիա է, իսկ համակրանքը՝ ոչ։
Հայտարարության ընդհանուր շեշտադրումների, տողատակերի առումով Հմայակ Հովհաննիսյանը բավական լակոնիկ արձագանքեց։
«Դե ինչ ասեմ, վերաբերմունք է արտահայտում և զորակցություն: Կարճ հայտարարություն է և տարօրինակ կլիներ, եթե դա չլիներ՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական և մարդկային մտերմությունը»,– ասաց նա:
Ի պատասխանի հարցին, թե Հմայակ Հովհաննիսյանն այս առումով ավելի՞ն էր սպասում, ավելի կոշտ հայտարարություններ, քաղաքագետը հիշատակեց կայքերից մեկում տպագրված մի նյութ, որտեղ ասվում է, որ հինգ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտնվելով նույն իրավիճակում, երբ նրա զինակիցներ Նիկոլ Փաշինյանը, Շողեր Մաթևոսյանը և Պետրոս Մակեյանը բերման էին ենթարկվել ոստիկանություն, Լևոն Տեր-Պետրոսյանը դրան հաջորդած ՀԱԿ հանրահավաքին հայտարարեց իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին, որպեսզի պաշտպանի իր զինակիցներին ճնշումներից:
«Նու, այդ դրվագի հիշատակումը ... ես չեմ ուզում կրկնվեմ, բայց միանգամայն տեղին է. Վարդան Օսկանյանի հանդեպ քրեական գործ է հարուցված: Բայց Ռոբերտ Քոչարյանն իր մտադրության մասին չի ասում այդ հայտարարության մեջ»,– ասաց նա:
Ինչ վերաբերում է հայտարարության մյուս հատվածին, որտեղ ասվում է, որ երկրորդ նախագահը չի հասկանում, թե` «ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ», ապա այստեղ, ըստ քաղաքագետի, պետք է որոնել ոչ թե «Մենք ենք, մեր սարերը» կինոֆիլմի շեշտադրումները՝ մտնե՞լ մատի ու մատանու արանքը, այլ՝ խնդիրներ, որոնք կարող են առնչվել հատուկ ծառայություններին իրավասություններին:
«Ընդամենը ասվում է, որ դա ԱԱԾ հետաքրքրությունների մակարդակի հարց չէ: Դրանից առաջ էլ մարդիկ կարծիք էին հայտնում, որ ավելի շատ հարկային մարմնի գործառույթներ են», - ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելով, որ օրինակ՝ Ռուսաստանում Արևմուտքից ֆինանսավորվող կառույցները Պետդումայի կողմից ընդունված հատուկ օրենքով որակվում են որպես գործակալական և ունենում են հատուկ կարգավիճակ՝ «организация-агент»:
«Եվ օրենքի պահանջն է, որպեսզի, եթե ֆինանսավորվում են դրսից, գրանցվեն որպես այդպիսին՝ գործակալական: Բայց մեր իրականության մեջ նման օրենսդրական սահմանում գոյություն չունի, և քանի որ չունի, այդտեղ, իհարկե, հարցեր են առաջանում: Մնում է բաց՝ այդ կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են դրսից, պե՞տ ք է առանձնացվեն և դրանց նկատմամբ ԱԱԾ-ն ունենա հատուկ վերաբերմունք և ուշադրությո՞ւն , թե ոչ»,– ասա նա:
«Դրա համար, կարծում եմ՝ միանգամայն տեղին է այն մոտեցումը, որ եթե մեզ մոտ նման օրենք չկա, այստեղ շարքային գործ է, որով պետք է զբաղվեն հարկային մարմինները»,- ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:










