Իտալացին Սբ. Պետրոսի գմբեթի վրա ցույց է անում վարչապետի դեմ
Իտալացի մի տղամարդ, ում անունը հայտնի չէ, կարողացրել է ճողոպրել Վատիկանի անվտանգության ծառայության աշխատակիցների ուշադրությունից և բարձրանալ 130 մ բարձրություն ունեցող Սբ. Պետրոսի բազիլիկի գմբեթի վրա, որտեղ էլ ցույց է կազմակերպել կառավարության դեմ, գրում է The Guardian-ը։
Իրավապահներին հաջողվել է պարզել, որ միայնակ ցուցարարը մի ծովափնյա հանգստյան կենտրոնի սեփականատեր է, իսկ նման հուսահատ քայլի դիմելու պատճառը կառավարության կողմից կիրառվող տնտեսական խիստ միջոցառումներն են։
Տղամարդը հրաժարվել է ցած իջնել գմբեթից, նույնիսկ այն բանից հետո, երբ մի շարք իտալացի նախարարներ առաջարկել են ընդունել նրան։
Ցուցարարն իր հետ նաև պաստառ է վերցրել, որի վրա գրված է «Օգնություն, բավական է Մոնտի»՝ ի նկատի ունենալով երկրի վարչապետ Մարիո Մոնտիին, ով Իտալիայի արտաքին պարտքը նվազեցնելու և տնտեսական աճը խթանելու նպատակով տնտեսական խիստ բարեփոխումներ է իրականացնում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մոնտին Միլանում միջազգային համագործակցությանը նվիրված համաժողովի բացման ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է լքել պաշտոնը։










