Նիգերիայում ահաբեկիչները մի քանի ժամ գնդակահարել են ուսանողներին. 27 զոհ, 15 վիրավոր
Հոկտեմբերի 2-ին անհայտ անձինք մտել են Նիգերիայի Մուբի քաղաքի պետական ճարտարագիտական քոլեջ և կրակ բացել ուսանողների վրա՝ սպանելով նրանցից 27-ին և ծանր վիրավորելով 15-ին, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամերին: Գրոհողները, որոնց թիվը դեռ ճշտվում է, ներխուժել են ուսանողների սենյակներ և գնդակահարել անպաշտպան մարդկանց:
Որոշ տեղեկություններով, սպանությունները մի քանի ժամ են շարունակվել, սակայն ո՛չ ոստիկանությունը, ո՛չ բանակը չեն կարողացել հանցագործներին խանգարել:
Ըստ իրավապահների՝ քոլեջի ղեկավարությունը, հավանաբար, տեղյակ է եղել նախապատրաստվող ահաբեկչության մասին, քանի որ քոլեջի տարածքում հայտնաբերվել էր նախատեսված սպանդի մասին երկտող, որը նաև կոչ էր արել ուսանողներին տարհանել տարածքից և չեղյալ հայտարարել դասերը:
Սակայն, ուսումնական հաստատության ղեկավարությունը, այդուհանդերձ, կանխարգելիչ միջոցներ ձեռք չի առել:
Հանցագործության պատասխանատվությունը Նիգերիայում գործող ահաբեկչական խմբավորումներից դեռ որևէ մեկը չի ստանձնել: Սակայն ոստիկանությունը կասկածում է, որ այս գրոհի հետևում կանգնած են «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման անդամները:










